Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը իր ելույթում նշեց, որ գլխավոր դատախազի հաղորդումը լսելիս այնպիսի տպավորություն ուներ, որ հայերենից հայերենի թարգմանության կարիք կա. «Ձեր արտահայտած մտքերը, պարոն Դավթյան, չէին արտահայտում Հայաստանում ստեղծված իրականությունը»:
Պատգամավորը մեջբերելով մի կատակ՝ ասաց. «Դե եկեք չսահմանենք՝ քաղբանտարկյալն ինչ է, եկեք չսահմանենք՝ աղքատությունն ինչ է, բայց դրանից Հայաստանում ոչ աղքատների թիվը կպակասի, ոչ էլ անարդարությունը կվերանա»:
Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ամբողջ պրոբլեմն այն է, որ գլխավոր դատախազի ու նախորդ իշխանությունների և իրականության միջև առաջացել է անջրպետ, և նա գլխավոր դատախազին հորդորեց վերադառնալ իրականություն. «Սերժ Սարգսյանն էլ էր ասում՝ փողոցում 20-30 մարդ է կանգնած: Իսկ ինչ եղավ հետո՞: Այս տրամաբանությունը ձեզ մինչև ո՞ւր է տանելու»:
«Պետական գործիչները պետք է հանրության համար լինեն ոչ թե օրինակ, այլ լինեն խրատ, բայց, ինչպես գիտեք, վերջին իրադարձությունները խրատ ծառայեցին և հանգեցրին հայտնի հետևանքների»,- հայտարարեց Հայկ Կոնջորյանը:
0 Մեկնաբանություն