Քաղաքականություն

Զինված ուժերում վենդետաներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը բացարձակապես ապօրինի է, որովհետև Սահմանադրությունը հստակ արձանագրում է՝ ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում  պահպանում է չեզոքություն:Հանրապետության Հրապարակում այս մասին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զինված ուժերի գլխավոր շտաբը որդեգրել է ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում: Սրանով արդեն խախտել է բոլոր կանոնները, խախտել է ՀՀ սահմանադրությունը: Ես ուզում եմ հիշեցնել մի շատ կարևոր հանգամանք: 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ զինված ուժերի զինծառայողները որոշակի քաղաքական ակտիվություն սկսեցին ցուցաբերել, մեր կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ: Նշեց, ոչ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները պարտավոր են անմիջապես վերադառնալ իրենց նշանակման վայրերը, եթե այդպիսիք կան:  Ոչ մի զինվորական չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին: Բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Մենք սա արել ենք 2018 թվականի ապրիլի 23-ին: Իսկ այսօր ձեզ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զինված ուժերին դրդել տանկերը հանել սեփական ժողովրդի դեմ: Դա տեղի չի ունենա, ընդհակառակը ԳՇ-ի հայտարարությունն անխուսափելի է դարձնում Օնիկ Գասպարյանի հեռացումը գլխավոր շտաբի պետի պաշտոնից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը դա անխուսափելի է համարում, որովհետև քաղաքական հայտարարություն անող ԳՇ-ի պետը դա անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել:

«ՀՀ-ն չի կարող նման գլխավոր շտաբի պետ ունենալ: Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ այս հանգամանքը ամենևին զինված ուժերում վենդետաների հիմք չպետք է տա: Փառք Աստծո այս պահի դրությամբ ԶՈՒ-ն և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել և ես ուզում եմ համոզմունք հայտնել, որ չեն հատի, բայց անխուսափելիորեն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա իր պաշտոնից: Ուզում եմ ասել նաև, որ ԶՈՒ-ում վենդետաներ չեն լինելու: Այդ թուղթը սեղանին դնելու որոշումը կայացրել է Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի դրդմամբ, ուրեմն Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա, մյուսները պետք է վերադառնան իրենց ծառայության»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *