Պոստֆակտում

Ազգային Ժողովը կլուծարվի... Պոստֆակտում՝ Էդմոն Մարուքյանի հետ

-Պարոն Մարուքյան, Հայաստանում պտտվում է հակահեղափոխության ուրվականը, կա՞ արդյոք նման վտանգ:

-Չկա նմա վտանգ, դա միֆ է և  դրա մասին շատ լավ էր, որ խոսեց նաև վարչապետը վերջին հանրահավաքում և  ԱՄՆ-ում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, և նա նշեց, որ հանգիստ եկեք ներդրումներ արեք, որևէ հակահեղափոխության վտանգ չկա: Իրապես չկա, և եթե մենք դիտում ենք որպես հակահեղափոխական ուժեր ՀՀԿ-ին կամ Ռոբերտ Քոչարյանին՝ ցանկացած ֆորմատով՝ նրանք վերադառնալու որևէ հնարավորություն չունեն: Վերջին հաշվով, բոլոր այն երկրներում, որտեղ եղել է հեղափոխություն՝ չի եղել հակահեղափոխություն, դա բացառված է, չի կարող նման բան լինել:

-Դե յուրե ԱԺ-ում «Ելք» դաշինք գոյություն ունի որպես խմբակցություն, բայց դե ֆակտո այն որպես քաղաքական միավոր դադարում է գոյություն ունենալ: Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո շեղվեց «Ելք» դաշինքի ծրագրից, հարցս հիմնականում վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ին: Փոխվե՞լ են արդյոք նաև ձեր տեսակետները ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ, թե՞ այն տեսակետները, որ նախկինում ունեիք արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ դրանք տեղ կգտնեն նաև «Լույս» դաշինքի ծրագրում և ԵԱՏՄ-ին դեմ կլինեք:

Մենք գրել ենք ծրագիր 3 ուժերով և այն պահից սկսած, որ 3 ուժերով միասնական որոշումներ չենք կայացնում, այդ պահից սկսած դաշինքը չի գործում, բայց հուշագիրը կա և կա «Ելք» խմբակցություն խորհրադարանում, որը համահունչ գործում է: Ինչ վերաբերում է «Ելքի» ծրագրին և  դրա իրականացմանը, ապա մենք պիտի մի հանգամանք ֆիկսենք. Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել համաժողովրդական շարժման արդյունքում, ոչ թե՝ «Ելք» դաշինքի ծրագրով, և  հեղափոխությունը չի ունեցել օրակարգ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, չի ունեցել օրակարգ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի վերաբերյալ: Հեղափոխությունը ունեցել է ներքին քաղաքական օրակարգ, և այդ ներքին քաղաքական օրակարգը եղել է Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը, այն որ Սերժ Սարգսյանը չպիտի 3-րդ ժամկետ ղեկավարի երկիրը: Սա է եղել օրակարգը և դրա համար Փաշինյանը կաշկանդված չէ «Ելքի» ծրագրով, և քանի որ խորհրդարանական ընտրությունները մոտ են, ապա նոր ծրագիր պետք է գրվի և այդ նոր ծրագիրը նա կարող է իրականացնել և պարտավոր կլինի իրականացնել: Այն ծրագիրը, որը հունիսին հաստատվեց խորհրդարանում՝ այնտեղ նույնպես չկա ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ որևէ կետ, դա բոլորովին նոր ծրագիր է: Մեր ծրագրերը չեն փոխվել, մեր ծրագրերը չեն վերանայվել և մենք ընտրություններից առաջ նոր ծրագիր ենք գրելու և երբ կգրենք՝ այն ժամանակ կքննարկենք:

-Տեղ կգտնի՞ արդյոք ձեր նոր ծրագրում Հայաստանի ապագաղութացման հարցը:

Մենք չենք կարծում, որ Հայաստանը գաղութ է, դա մեր հռետորաբանությունը չէ, մենք ասել ենք, որ Հայաստանը ԵԱՏՄ մտնելով մեծ վնասներ է կրել և չգնալով եվրոպական ինտեգրացման ճանապարհով՝ մեծ կորուստներ է ունեցել, որ երկիրը կարող էր շահել, բայց չի շահել…

Մանրամասները՝ տեսանյութում, որտեղ տեղ են գտել նաև Ֆեյսբուքի օգտատերերի կողմից բարձրացված հարցերը:

Նարինե Ավետիսյան

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *