Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել են Արցախի պաշտպանության բանակից։
«Մի քանի տասնյակ մարդիկ կարողացել է շրջափակումից դուրս գալ։ Շարունակվում են որոնողական աշխատանքները, փնտրում ենք նրանց, որոնք կապի դուրս չեն գալիս», – ասել է աղբյուրը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` 30 հոգանոց խումբը կարողացել է շրջափակումից դուրս գալ հայ զինվորականի բանակցությունների շնորհիվ։ Ադրբեջանցի զինծառայողները ուղեկցել են նրանց մինչև ռուս խաղաղապահների տեղակայման կետ:
Ավելի վաղ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։
Պարբերաբար տեղեկություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
0 Մեկնաբանություն