ԱՐՑԱԽ

Ադրբեջանի զինվորականները 2 օր առաջ հայ զինծառայողի են գլխատել. ՀՀ ՄԻՊ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել  ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները 2 օր առաջ հայ զինծառայող են գլխատել: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով  գլխատված զինծառայողի լուսանկարը:

«Անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.

հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում:

Դրանից հետո՝ զանգից մի քանի ժամ անց սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:

Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո:

Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող 2 հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:

Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։

Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *