Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի կտրուկ աճին ու տարածմանը: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ տարածած հայտարարության մեջ:
ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է.
«Սեպտեմբերի վերջից սկսված՝ ԼՂ հակամարտության գոտում սրման հետեւանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք են տեղափոխվել, հարյուրավորները վիրավորվել, շատերը՝ սպանվել: Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19 փոխանցման կտրուկ արագացմանը: Շարունակական բռնությունը և բնակչության հետագա տեղահանությունը կխորացնեն առողջապահական իրավիճակի անորոշությունը»:
Նա նշել է, որ ռազմական գործողությունները խաթարում են բնակիչներին առողջապահական օգնություն ցույց տալը, ավելացնում ծանրաբեռնվածությունը համաճարակով արդեն իսկ լարված առողջական համակարգերի վրա:
ԱՀԿ-ն կոչ է անում չկորցնել ժամանակ և ջանքեր՝ պաշտպանելու համար կյանքի և ապրուստի միջոցները հանրային առողջության սպառնալիքներից, որոնք աննախադեպ են:
«ԱՀԿ-ն հակամարտության բոլոր կողմերին հորդորում է միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան պաշտպանել խաղաղ բնակչությանը և առողջապահական հաստատությունները, որոնք զբաղվում են վիրավորներին և հիվանդներին խնամելով: COVID-19- ի համատեքստում հատկապես կարևոր է, որ առողջապահության բնագավառի բոլոր աշխատողները պաշտպանված լինեն բռնությունից, որպեսզի կարողանան պահպանել համաճարակային համապատասխան արձագանքը: Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը կենսական նշանակություն ունի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար, այն մարդու հիմնարար իրավունք է»,- ասվում է հայտարարության մեջ:
0 Մեկնաբանություն