ԱՐՑԱԽ

Անարձագանք դիմում-բողոք: Սպիտակցիները հիշեցնում են` խնդիրները շուտափույթ լուծման կարիք ունեն

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Քոչարյանի անձնական էջում  կարդացինք, որ մոտ երեք ամիս առաջ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ թիմի, «Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնության և Սպիտակի մտահոգ քաղաքացիների կողմից դիմում-բողոք է հղվել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին, որի միջոցով նրան են ներկայացրել Սպիտակում տրանսպորտի կառավարման, ճանապարհների  անմխիթար և բարձիթողի վիճակի և ճանապարհային անվտանգության` հրատապ լուծման խնդիրները: Էդգար Քոչարյանի խոսքով` անցել է երեք ամիս, բայց «ներկայացված խնդիրների վերաբերյալ տեղաշարժ ՉԿԱ»: Քաղաքացիները հիշեցնում են, որ խնդիրները շուտափույթ լուծման կարիք ունեն, և մեկ անգամ ևս խնդրում են ուշադրություն դարձնել կատարվելիք աշխատանքներին:

Ստորև ներկայացնում ենք երեք ամիս առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին հղված դիմում բողոքը (սկզբնաղբյուրն` այստեղ).

Մարտի 14-ին «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ թիմի, «Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնության և Սպիտակի մտահոգ քաղաքացիների կողմից դիմում-բողոք  գրվեց և ուղարկվեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին։

Դիմում-բողոքը կարող եք կարդալ ստորև․

«ՀՀ տրանսպորտի, կապի և

տեղեկատվական տեխնոլոգիաների

 նախարար Հակոբ Արշակյանին

 

Հարգելի՛ պարոն նախարար,

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ են դիմել մեծ թվով սպիտակցիներ, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Սպիտակում տրանսպորտի կառավարման, ճանապարհների  անմխիթար և բարձիթողի վիճակի և ճանապարհային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես՝

  1. Սպիտակում օրենքով սահմանված կարգով հետիոտնային անցումների ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգը իսպառ բացակայում են, ինչպես նաև չկան լուսակիրներ;
  2. Մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը բացարձակ անուշադրության է մատնված վերոնշյալ պատճառների, ինչպես նաև ոստիկանության (այդ թվում՝ ՃՈ) անգործության և համայնքային իշխանությունների անուշադրության հետևանքով: Ցավով փաստում ենք, որ վերոնշյալ խնդիրները արդեն հանգեցրել են սարսափելի հետևանքների՝ երեխաների մահվան և առողջական ծանր վնասվածքների դեպքերով:
  3. Սպիտակի հենց կենտրոնով անցնող Մ3 միջպետական մայրուղին գերծանրաբեռնված է հատկապես մեծ բեռնատար մեքենաներով, որոնք կայանում են հենց քաղաքի կենտրոնում՝ մարդաշատ վայրերում՝ էլ ավելի դժվարացնելով երթևեկությունը և ստեղծելով վթարային իրավիճակներ: Հարկ ենք համարում շեշտել, որ բեռնատարները անչափ աղտոտում են քաղաքի օդը:
  • Քաղաքի շատ վայրերում կա´մ չկան մայթեր, կա´մ եղածներն էլ գտնվում են ոչ բարվոք վիճակում՝ առանց ջրահեռացման համակարգի և հաշմանդամություն ունեցող անձանց համար համատասխան թեքահարթակների:
  • Մայրուղու վրա կան մի շարք վթարային հենապատեր՝ Սուրեն Ավետիսյան 19 շենքի դիմացի առաջ եկած և համարյա փլուզված հենապատը՝ սեղմելով մոտակա գազատար խողովակին և առաջացնելով պայթյունավտանգ իրավիճակ, ինչպես նաև ոստիկանության հարևանությամբ գտնվող և օր օրի քանդվող հենապատը, որը անասելի վտանգ է ներկայացնում երթևեկող մեքենաների համար:

Հաշվի առնելով վերը նշված անհապաղ լուծում պահանջող խնդիրները «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն և վերոնշյալ խնդիրներով մտահոգված քաղաքացիներս պահանջում ենք՝

  • Սպիտակում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգը հասցնել բավարար մակարդակի, հարկ եղած դեպքում տեղադրել լուսակիրներ, արագաչափեր և ճանապարհային անհարթություններ: Սուրեն Ավետիսյան – Թորոսյան խաչմերուկում կառուցել վերգետնյա անցում՝ ներառելով հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորանք:
  • Ապահովել մանկապարտեզ և դպրոց հաճախող երեխաների անվտանգությունը՝ համագործակցելով ոստիկանության (այդ թվում՝ ՃՈ), կրթության և գիտության նախարարության և Սպիտակի համայնքապետարանի հետ:
  • Միջոցներ ձեռնարկել քաղաքը մեծ բեռնատարներից բեռնաթափելու, նրանց երթևեկությունը կանոնակարգելու, շրջակա միջավայրի խնդիրներին ուշադրություն դարձնելու և լուծումներ առաջարկելու համար՝ համագործակցելով Սպիտակի համայնքապետարանի, բնապահպանության նախարարության և այլ պատկան մարմինների հետ:
  • Անհապաղ միջոցներ ձեռնարկել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը բավարար մակարդակի հասցնելու՝ համապատասխան վայրերում թեքահարթակներ կառուցելով: Նաև անհապաղ լուծել ջրահեռացման խնդիրները: Աղետից բզկտված սպիտակցին իրավունք ունի կյանքի տանելի պայմաններ ունենալու:
  • Անհապաղ միջոցներ ձեռնարկել նորոգելու մայրուղու հենապատերը և ապահովելու բնակչության անվտանգությունը:

Հարգանքով՝

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ թիմ

«Սպիտակի ակտիվ երիտասարդներ» նախաձեռնություն

Սպիտակի մտահոգ քաղաքացիներ »:

 

Նկարը` «Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ»-ի պաշտոնական կայքից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *