ԱՐՑԱԽ

Արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության կոչերը հրադադարի մասին՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ շարունակում են պատերազմական գործողությունները

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։

Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված և զանգվածային ձևով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների և ավերածությունների։

Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու և տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *