Մարզ

Դպրոցներն առանց ուսուցչի. ինչո՞ւ են աշխատատեղերը թափուր (Տեսանյութ)

Պոստֆակտում հաղորդաշարի հյուրերն են՝ Բլագոդարնոյեի դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ՝Տիգրան Առուշանյանը, Ղուրսալիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Կրթության ազգային ինստիտուտի Լոռու մասնաճյուղի մասնագետ՝ Կարինե Մարգարյանը, ՎՊՀ շրջանավարտ Լիանա Աբազյանը և Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը: 2016-2017 ուսումնական տարում քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, պատմություն, ֆրանսերեն, անգլերեն, տեխնոլոգիա, շախմատ և ֆիզկուլտուրա առարկաները դասավանդող մասնագետի կարիք են ունեցել Հայաստանի 30-ից ավելի գյուղական համայնքներ: առարկաների ուսուցիչների պակաս: Պատկերն ավելի սուր է գյուղական համայնքներում: Ամենաշատ թափուր տեղ ունեցող առարկաներն են մաթեմատիկան, տեխնոլոգիան, ֆիզկուլտուրան: Համաձայն ՀՀ ԿԳՆ տրամադրած տվյալների, 2017-2018 ուս. տարում հանրապետության 457 դպրոցներում եղել է ուսուցիչների 1.245 թափուր տեղ: Հաղորդման հյուրերը կարծիք են հայտնել, որ ուսուցչական կադրերի պակասի հիմնական պատճառներն են` ցածր աշխատավարձը, քաղաքից գյուղ գնալու տրանսպորտային ծախսերի՝ պետության կողմից չփոխհատուցվելը և այյլն: Խոսվել է նաև այն մասին, որ մանկավարժներն անհարկի տեխնիկական աշխատանք են կատարում՝ էլեկտրոնային տվյալներ լրացնում: Հիմնական այլընտրանքային դիտարկելով «Դասավանդիր Հայաստան» ծրագիրը, որի շնորհիվ հնարավորություն կա մարզի հեռավոր գյուղական դպրոցներում լրացնելու ուսուցչական կադրերի պակասը, այդուհանդերձ պետության վարած քաղաքականությունն այս հարցում անբավարար է՝ կրթության ոլորտում լուրջ որակ ապահովելու համար: Ինչ վերաբերվում է ԿԳՆ-ի հավաստիացումներին, որ ուսուցիչները վերապատրաստվելուց հետո են մեկից ավելի առարկաներ են դասավանդում, Լոռու մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը նկատում է, որ որպես կանոն խուսափում են նման իրավիճակներից, բայց խուսափել ծայրահեղ իրավիճակներից հնարավոր չէ: 2017-2018 ուս. տարում ՀՀ հանրակրթական դպրոցներում 12.763 ուսուցիչ դասավանդել է 2 և ավելի առարկա: Ստացվում է, որ ընդհանուր երկրի 38.270 ուսուցիչներից յուրաքանչյուր 3-րդն իր հիմնական առարկայից բացի դասավանդել է 1 կամ մեկից ավելի այլ առարկաներ: Լոռու մարզում 1212 նման ուսուցիչ կա: Հաղորդաժամին հրապարակվել է նաև տվյալներ ampop.am կայքից, որոնք տրամադրել է ՀՀ ԿԳՆ-ը, համաձայն որոնց, մասնավորապես միջնակարգ կրթության ծրագրով դասավանդող ուսուցչի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է 152,117 դրամ: 1 դրույքաչափով աշխատող ուսուցչի ծանրաբեռնվածությունը կազմում է 22 ժամ։ Գարիկ Տոնոյանը կարծիք է հայտնել, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը և ուսուցչական 1 դրույքի վարձատրության չափը, ի թիվս մի շարք հանգամանքների, կախված է նաև դպրոցի աշակերտների թվից և տատանվում է 80.000-130.000 դրամի սահմաններում: Ինչ վերաբերվում է կրթական փորձագետների՝ խնդրի լուծման առաջարկներից օրինակ օնլայն դասընթացների կազմակերպմանը, որի դեպքում ուսուցչի կողմից առարկան կներկայացվի առցանց եղանակով, և նույնկերպ էլ կվերահսկվի աշակերտներին հանձնարարված առաջադրանքների կատարումը, Բլագոդարնոյեի դպրոցի ուսուցիչ Տիգրան Առուշանյանն օրինակ, մատնանշել է, որ գաղափարը լավն է, սակայն, հանրապետության բազմաթիվ դպրոցներ, այդ թվում և հեռավոր գյուղական համայնքների դպրոցները, ինչպիսին է նաև Բլագոդարնոյեն, զրկված են համակարգչային կահավորումից և ինտերնետ հասանելիությունից: Նա նաև խոսել է այս ուղղությամբ իր նախաձեռնած դրամահավաքի մասին, որով նպատակ ունեն դպրոցում համակարգչային սենյակ կահավորել: Ըստ ԿԳՆ տվյալների՝2016-2017 ուս. տարում հանրապետությունում գործել է 1432 հանրակրթական դպրոց, 2017-2018 ուս. տարում՝ 1421-ը։ 11 դպրոց դադարել է գործել: Հանրային քաղաքականության ինստիտուտը ուսումնասիրություն է անցկացրել փակված դպրոցներում, ըստ որի կադրերի պակասը պայմանավորված է ոչ միայն ցածր աշխատավարձով, այլ աշխատանքի ծավալով․ «Մանկավարժներն անհարկի տեխնիկական աշխատանք են կատարում՝ էլեկտրոնային տվյալներ լրացնում, ամեն երեխայի համար անհատական ուսումնական պլան կազմում։ Այս խնդիրը մասամբ կարող է լուծվել հանրակրթական դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի ավելացմամբ, ով միաժամանակ օգնում է մի քանի ուսուցչի։ Այս հաստիքի ավելացումը կամ տեխնիկական աշխատանքների ծավալի կրճատումը կարող է թեթևացնել մանկավարժների ծանրաբեռնվածությունը»: Հյուրերն անդրադարձել են ուսուցչի օգնականի թեմային՝ նշելով, որ ավագ և երիտասարդ տարիքի մանկավարժների միջև օգնականի ինստիտուտը շատ հաճախ սխալ է ընկալվում: Ավագ տարիքի մանկավարժները խանդով են վերաբերվում օգնականին, երբեմն՝ ոչ բարյացկամ, մինչդեռ օգնականն իրականում պարտականություններով ծանրաբեռնված մեկն է, ով պիտի օգնի ոչ թե մեկ, այլ մի քանի ուսուցչի: Կարծիքներ են հնչել, որ ժամանակի ընթացքում կերևա, կարդարացնի՞ իրեն, թե ոչ օգնականի հաստիքի ներդրումը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *