ԱՐՑԱԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը.

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը՝ ՌԴ,  Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ, այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.

 

Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվող բռնությունները: Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության համաձայն կողմերի պարտավորությունները ամբողջությամբ կատարելու ուղղությամբ` տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

 

Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը ՝ թույլ տալով վերադարձնել աճյունները, ռազմագերիներին և կալանավորվածներին, և դիմում են կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ:

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ` բանակցային լուծման հասնելու համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *