ԱՐՑԱԽ

«Եղե՛ք երազող և հավակնոտ»,- նոր Հայաստանի ուղերձը երիտասարդներին: Բացվել է COAF ՍՄԱՐԹ կենտրոնը

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի /COAF/ ՍՄԱՐԹ կենտրոնը բացեց իր դռները Լոռու մարզի Դեբեդ համայնքի գեղատեսիլ բնության գրկում: «Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՍՄԱՐԹ կենտրոնը,- ողջունելով հարյուրավոր հյուրերին՝ ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր նախագահ Գարո Արմենը։ Ի թիվս մարզաբնակների, հյուրերի թվում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, միջազգային կառույցների և ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, բարերարներ: «Իմ շատ սիրելի պատանիներ, եղե՛ք երազող և հավակնոտ, որովհետև ձեր երազանքներն ու հավակնություններն են այն նպատակները, որոնք պիտի դրվեն մեր կառավարության սեղանին և, առհասարակ, ապագա բոլոր կառավարությունների սեղաններին»,- շնորհավորելով ՍՄԱՐԹ կենտրոնի բացման առիթով հավաքված ներկաներին՝ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 5,5 մլն.ամերիկյան դոլար արժեցած այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները՝ ստեղծելով համայնքահեն հնարավորություններ։ COAF ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթության միջավայր է, իր տեսակով նորարարական, որի շնորհիվ Լոռու մարզի շուրջ 150.000 երեխաներ, երիտասարդներ և մեծահասակներ՝ առանց տարիքային սահմանափակման կարող են ինքնակրթվել և զարգացնել տարատեսակ հմտություններ: ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի հիմքում նորարարությունն ու ստեղծագործականությունն է, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուների ուսուցումը ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման հիմքում են։ Այստեղ երեխաները հնարավորություն ունենան զբաղվել նաև ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ: COAF ՍՄԱՐԹ կենտրոնի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է: Սա նրա առաջին մեծ նախագիծն է Հայաստանում՝ «Ուրբան Յունիթ» նախագծային կազմակերպության հետ միասին։ Կենտրոնի շինարարությունն իրականացրել է «Կանակա» ԲԲԸ-ը։ Եռաթև կառույցն ունի նաև ՍՄԱՐԹ ավան- հյուրատուն՝ հրավիրված մանագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *