Մարզ

«Երկրպագե՛ք և հիշեցե՛ք Սուրբ Գրիգորին». Մարց գյուղի «Կարմիր խաչ»-ը

Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղը հայտնի է խաչքարերով։

Գյուղի հայտնի խաչքարերից մեկն էլ «Կարմիր խաչ»-ն է, որը գտնվում է Մարց գյուղից 4 կմ հեռավորության վրա՝ «Իգատակ» կոչվող գոմահանդում։

Խաչքարը կառուցվել է 13-րդ դարում։

Պատմաբան Ռուդիկ Ափիցարյանի տեղեկություններով` խաչքարի արձանագրությունը հետևյալն է.

«Երկրպագե՛ք և հիշեցե՛ք Սուրբ Գրիգորին»։

Խաչքարը «Կարմիր խաչ» անվանումը ստացել է կարմիր գույնի պատճառով։

Գյուղացիները խաչքարի հետ կապված այսպիսի պատմություն են հիշում.

«Սրանից 30 տարի առաջ,- պատմում է Մարց գյուղի բնակիչ Ջհան Ոսկանյանը,- Կարմիր խաչը գողացավ Լորուտ գյուղի բնակիչ Ղարդի Ռուբիկը»։

«Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց Մարց գյուղում, որի մասին իմացավ նաև այդ ժամանակ գյուղի խաչքարերի վերահսկիչ Վերան Խաչատրյանը»,- պատմում է վերջինիս եղբոր կինը՝ Մարգո Խաչատրյանը։

Վերան Խաչատրյանը դիմում է ոստիկանություն՝ Կարմիր խաչը հետ բերելու նպատակով։

Այսպիսով՝ Մարց գյուղի տղերքը, որոնց թվում էին նաև Վերան Խաչատրյանն ու Ջհան Ոսկանյանը, գնում են հարևան Լորուտ գյուղ։

«Երկու գյուղերի բնակիչների միջև կռիվ, «ղալմաղալ» է սկսվում»,- պատմում է Լորուտ գյուղի բնակիչ 84-ամյա Մարտիկ Զաքարյանը, որն անձամբ է մասնակցել է միջադեպին։

Մարտիկ Զաքարյանի խոսքով՝ Կարմիր խաչը Մարց գյուղից բերել է Ռուբեն Սարգսյանը, ով, լինելով խաչապաշտ մարդ, խաչքարը տեղադրել է հոր հիշատակին կառուցված աղբյուրի մոտ։

Այս դեպքից հետո մարցեցիները, Վերան Խաչատրյանի գլխավորությամբ, «Կարմիր խաչ»-ը վերադարձնում են և դարձյալ տեղադրում «Իգատակ» գոմահանդում։

 

Շուշանիկ Միսկարյան

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *