Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և վերադարձվել է ևս 15 զինծառայողի աճյուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Ռազմագործողությունների ընթացքում զոհված 1 զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից: Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմը: Աճյունների ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1344 աճյուն: Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի հարակից տարածքում»,- մանրամասնեց Թադևոսյանը հավելելով, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:
0 Մեկնաբանություն