Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները:
Հունվարի 24-ին՝ որոնողական աշխատանքների ընթացքում, հայտնաբերվել է ևս 2 աճյուն, մեկը՝ Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանից, մյուսը՝ Հադրութի շրջանի Տումի գյուղի տարածքից: Վերջինս, նախնական տվյալներով, քաղաքացիական անձ է:
Աճյունների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 24-ը, Արցախի փրկարարական ջոկատները հայտնաբերել են 1283 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, ովքեր տարբեր պատճառներով չեն լքել հարազատ տունը և այդ բնակավայրերն այժմ գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս: Նրանք կամ սպանվել են, կամ մահացել ռազմագործողությունների ընթացքում հրետակոծության պատճառով: Նախնական տվյալներով 1268-ը զինվորականներ են կամ ռազմագործողություններին մասնակցած կամավորներ ու պահեստազորայիններ: Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի /Ջաբրայիլ/ և Հադրութի շրջաններում, ինչպես նաև Մատաղիսի ուղղությունում:
0 Մեկնաբանություն