ԱՐՑԱԽ

Հայ օգտատերերի էջեր կան, որ կառավարվում են Ադրբեջանից. բացառիկ զգուշություն ցուցաբերել՝ սոցցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ տարածելիս. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը:

Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից: Խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:

Հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր: ՀՀ  ՄԻՊ-ի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից: Ուստի, պետք է ցուցաբերել բացառիկ զգուշություն՝ սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *