Infoteka24-ը գրում է, որ հոկտեմբերի 13-ի առավոտյան Իրանի տարածքում խփվել է իսրայելական արտադրության «Harop» հետախուզական անօդաչու սարք:
««Harop»-ը «Սիոնիստական ռեժիմի» արտադրանքներից մեկն է, որը Բաքվի Հանրապետությունը (Ադրբեջանը) գնել և օգտագործել է ղարաբաղյան պատերազմում», — գրում է իրանական Miranpress-ի Telegram ալիքը, մեջբերում է աղբյուրը:
Աղբյուրը նաև հետաքրքիր է համարում այն, որ Բաքուն պնդում է, թե վերցրել է Ջաբրայիլը և Հադրութը:
«Այնպես որ, պատերազմի ճակատը պետք է լինի Ասլանդուզի մոտակայքում, այլ ոչ թե Պարսաբադի: Այսպիսով, այս անօդաչու թռչող սարքը կա՛մ երկիր է մուտք գործել դիվերսիայի համար, կա՛մ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել ու հասել Պարսաբադ»,-գրում է աղբյուրը:
Ավելի «IRNA» գործակալությունը հայտնել էր, որ Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգում՝ Պարսաբադ-Մողան սահմանային շրջանում, անօդաչու սարք է ընկել. վթարը վնաս չի պատճառել:
Ըստ Արդաբիլի նահանգապետի տեղակալ Բեհրուզ Նեդայի՝ քննություն է սկսվել՝ պարզելու, թե որ երկրին է այն պատկանում՝ Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին:
Նշենք նաև, որ Իրանը կողմերին նախազգուշացրել է հակամարտությունը Իրանի տարածք չտեղափոխելու մասին, ինչպես նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ հանդես գալով խնդրի խաղաղ կարգավորման օգտին:
0 Մեկնաբանություն