ԱՐՑԱԽ

Կամո Ղամբարյանը Էմմայի և՛ եղբայրն էր, և՛ քույրը. նորօրյա հերոսներ

2020թ.-ի արցախյան պատերազմի նահատակներից 2001թ-ին ծնված Կամո Ղամբարյանն ավագ քրոջ՝  Էմմայի և՛ եղբայրն էր, և՛ քույրը: Պատերազմն անգամ ի զորու չեղավ բաժանել նրանց կապվածությունը: Հերոսի քույր լինելը Էմմային պարտավորեցնում է չթուլանալ: Այսօր նրան ուժ են տալիս ընկեր-բարեկամների, անգամ անծանոթների պատմած հիշողությունները եղբոր մասին: Հպարտանալու ևս մեկ առիթ էլ ունեցավ Վանաձորի Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարանում՝ արցախյան պատերազմում զոհված ուսումնարանի 5 սաներին և 2 անհետ կորած զինվորներին նվիրված խոնարհման մոմավառությանը:

Արցախյան պատերազմի նահատակներ Կամո Ղամբարյան, Արման Պողոսյան, Սարգիս Խաչատրյան, Գևորգ Եղշատյան, Վարդան Հովսեփյան. նրանք իմացյալ մահով հաղթեցին մահին` հանուն հայրենիքի փրկության և հաղթանակի:

Ուսումնարանի մուտքի պատին մշտապես հանգրվանած այս ցուցատախտակը վերաիմաստավորվել, ուսանողների համար դարձել է հայրենասիրության ամենաանկեղծ խորհրդանիշն ու ապրելու առհավատչյան: Հիշատակի և խոնարհման 1 րոպե լռություն, ապա՝ մոմավառություն: Ներկաները կենսագրական պատառիկներ ներկայացրին տղաների անցած ուղուց, որին հաջորդեց նրանց լուսանկարներով և տեսագրություններով հավաքված ճանաչողական ֆիլմերի ցուցադրությունը:  5 կյանք՝ 1 ճակատագիր, նրանք էլ 1000-ավոր մարտական ընկերների հետ դարձան հավերժի ճամփորդ, չնայած ապրելու փափագին, որ ակներև էր՝ ինքնակենսագրական ֆիլմերում: Ուսանողները սովորականից լուռ էին, մտախոհ, հավանաբար, հուշատախտակից իրենց նայող տղաների հայացքն էր, որ պարտադրում է վերաիմաստավորել ազատ, անկախ ու անվտանգ հայրենիք ունենալու հրամայականը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *