ԱՐՑԱԽ

Խիստ զգուշացումներ են ստացել Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհը նորոգող ընկերությունները

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի մասնագետ Թոմաս Հերցը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն այցելել են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածներ։ Վերջիններս հանդիպել են շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպությունների և շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերության ներկայացուցիչների հետ։

Թոմաս Հերցն ու Վազգեն Պետրոսյանը լսել են կապալառուների և տեխհսկողի բարձրացրած խնդիրները։ Մասնավորապես, շինաշխատանքների ընթացքում որոշակի հարցեր են առաջացել՝ կապված նախագծային փոփոխությունների անհրաժեշտության հետ, ինչը որոշակիորեն դանդաղեցրել է հիմնանորոգման աշխատանքների տեմպը։ Շինարարները նկատեցին, որ վերականգնման աշխատանքներին խոչընդոտում է նաև շինարարության ընթացքում որոշ հատվածներում երթևեկության դադարեցման անհնարինությունը։ Այս համատեքստում ԱԶԲ ներկայացուցիչ Թոմաս Հերցն ընդգծեց, որ շինաշխատանքների ընթացքում խստորեն պետք է պահպանվեն ճանապարհային անվտանգության կանոնները։

Տեխնիկական խնդիրները լսելուց հետո Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը որոշակի լուծումներ առաջարկեց, որոնք առաջիկա օրերին հանգամանորեն կքննարկվեն։ Նա հանձնարարեց կարճ ժամկետներում լուծել խնդիրներն ու հիմնանորոգման աշխատանքների տեմպերն արագացնել, քանի դեռ եղանակային պայմանները բարենպաստ են:

ԱԶԲ-ի և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները եղան նաև կապալառու կազմակերպություններից մեկի՝ «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ի շինարարական բազայում։ Նշենք, որ «ԱԱԲ պրոյեկտը» իր կողմից վերականգնվելիք ճանապարհահատվածում դեռևս շինաշխատանքներ չի կատարել։ Իրականացրել է միայն առկա ծածկի կրողունակության լաբորատոր ստուգումներ, որոնց արդյունքներով պայմանավորված՝ հնարավոր է՝ ծածկի կոնստրուկցիան փոփոխվի։ Ներկայումս տեխհսկողությունը վերլուծում է նշված լաբորատոր փորձարկումների արդյունքները՝ համապատասխան որոշում կայացնելու համար։

Թե՜ «ԱԱԲ պրոյեկտը», թե՜ տեխհսկողություն իրականացնող «Սաֆեժ» ընկերությունը Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի կողմից խիստ զգուշացվեցին՝ փորձարկումների, արդյունքում նաև՝ բուն շինաշխատանքների դանդաղ տեմպերի համար։ Նրանց հանձնարարվեց կտրուկ միջոցներ ձեռնարկել շինաշխատանքների ակնառու առաջընթաց ապահովելու ուղղությամբ։

Նշենք նաև, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող ճանապարհի առաջին հատվածում «Հորիզոն 95» ընկերության կողմից իրականացվում են լայնածավալ հողային աշխատանքներ։

 

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *