ԱՐՑԱԽ

«Մա՜մ ջան, տեսնո՞ւմ ես`ես ինչ երազում եմ` կատարվում է». 22-ամյա Սպարտակը ընտանիքի միակ զավակն էր (տեսանյութ)

«Մա՜մ ջան, տեսնո՞ւմ ես, ես ինչ երազում եմ, կատարվում է». 22-ամյա Սպարտակը ընտանիքի միակ զավակն էր: 3 ամիս էր մնացել զորակոչվելուն և սկսվեց պատերազմը. 22-ամյա Սպարտակ Արևջանյանը ծնողների միակ որդին էր: Հայրը՝ Ռոբերտն ունի  հաշմանդամություն և ելնելով ընտանեկան կարգավիճակից տղան կարող էր ազատվել զինծառայությունից  որպես ու ծնողների միակ խնամակալ: Սակայն նրա համար անընդունելի էր բանակից խուսափելու ցանկացած պատճառ: Մայրը՝ տիկին Սաթենիկը, պատմում է, որ ողջ կյանքը ՌԴ-ում ապրած Սպարտակը, հայերեն տառերը սովորել է 20 տարեկանում, կարճ ժամանակահատվածում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, որ խրոխտ կեցվածքով, գլուխը բարձր իրականացնի երազանքը, այն է՝ սահուն ու վարժ հայերենով, հայոց հողում տա զինվորական երդումը: Սպարտակի հաջորդ երազանքը կատարվել է օգոստոսի 6-ին. 1-ին անգամ ծննդյան 22-ամյակը նշել էր հայոց լեռնաշխարհում: Ասել է՝ մամ ջան տեսնո՞ւմ ես՝ ես ինչ երազում եմ, կատարվում է: Երազանքը զինվորական դառնալն էր, շարունակում է զարմուհին: 15 տարեկանում է Սպարտակն առաջին անգամ է եկել հայրենիք, բակի երեխաներով փայտից զենքեր էին պատրաստում, կռիվ-կռիվ խաղում, այստեղից էլ սկսվում է՝ Սպարտակ-հայրենիք անասելի սերն ու կապվածությունը: Հայոց պատմության դասագիրքը դառնում է տղայի ձեռքի դասագիրքը: Վերջին հեռախոսազանգը Սպարտակը մոր հետ է ունեցել: Պատմել է , թե ինչ զորություն ունի մայրական աղոթքը, և թե ինչպես են հրաշքով փրկվել:  Սպարտակը շատ էր կապված հատկապես մոր հետ, սիրած աղջկա ընտրության հարցում ասել էր՝ վերջին խոսքը տիկին Սաթենիկինն է:  Աշնան մի օր էլ տղային տեսակցության գնալիս Սպարտակի մորաքույրը սուր գլխացավ է ունենում. «Մոքոր ջան, ես քեզ կբուժեմ», ասել է ու դեղ ներարկել: Հրետանային էր Սպարտակը: 10 օր շարունակ Ջրականում ետ է մղել թշնամու հարձակումները, ավա՜ղ այնտեղ էլ ընկել՝ հերոսի մահով: Սպարտակին հուղարկավորելիս հետը մի բուռ հող են դրել և աճյունը ճանապարհել ՌԴ: Փառք ու պատիվ հայ զինվորին և նրանց ծնած առյուծ մայրերին:

#Հաղթում ենք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *