ՌԴ-ը լրջորեն մտահոգ է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ: Այդ մասին ասված է ռուս-թուրքական ռազմավարական պլանավորման համատեղ խմբի նիստին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցության վերաբերյալ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: «Նախատեսվում է մանրամասն մշակել ընթացիկ հարցերը` կապված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի ԼՂ-ի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման հետ: Շեշտը դրվելու է հնարավոր բախումների ռիսկերի նվազեցման և կողմերին հումանիտար օգնության տրամադրման վրա: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԼՂ-ի հակամարտության գոտի օտարերկրյա վարձկանների տեղափոխման կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական և թուրքական կողմի քննարկումներում ուշադրության կենտրոնում կլինի ԼՂ-ի հակամարտության գոտում կրակի դադարեցման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության կարգավորումը: «Կենտրոնի խնդիրների մեջ, ինչպես հայտնի է, մտնում է տեսողական դիտարկման մեթոդներով իրավիճակի մոնիթորինգը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով խախտումների մասին տվյալների հավաքումը, ամփոփումը և ստուգումը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից: Դեկտեմբերի 1-ին ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր:
0 Մեկնաբանություն