ԱՐՑԱԽ

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Մոսկվայում հանդիպել Իլհամ Ալիևի հետ. ТАСС

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել ժամանել Մոսկվա և հանդիպել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների համար: Այդ մասին քիչ առաջ հայտնել է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, սա է մեր դիրքորոշումը: Դժբախտաբար, Ադրբեջանը համաձայն չէ այս տեսակետի հետ: Եվ ես պատրաստ եմ բոլոր ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում` գնալ, հանդիպել, զրուցել»,- նշել է Հայաստանի վարչապետը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ գնալ Մոսկվա ՝ հանդիպելու իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Միաժամանակ, Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: «Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման հիման վրա», - ընդգծել է նա:

«Եվ եթե մյուս կողմից այդպիսի պատրաստակամություն չկա, մենք պատրաստ ենք մինչև վերջ պայքարել հանուն մեր ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների իրավունքների համար»,-շարունակել է Փաշինյանը:

- «Կարծում եմ ՝ սա է Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի, հայկական սփյուռքի դիրքորոշումը, կարծում եմ, որ սա ազնիվ և կառուցողական դիրքորոշում է»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *