ԱՐՑԱԽ

«Ուղղակի զսպվեք, ես շատ բան եմ տիրապետում». Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը՝ 3-րդ նախագահի գրասենյակին

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի այն հայտարարությանը, թե ինքը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնավոր կերպով խեղաթյուրում է իրականությունը:

«Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ:
Նախ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի 100 միավոր նոր ավտոմեքենա, վերջին 2 տարում՝ կրկնակի անգամ ավելի շատ:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիակայաններ, այդ թվում ոչ դրսից: Վերջին 2 տարում՝ եռակի անգամ ավելի:
2012-2018թթ. նոր մեծ զենքերից ձեռք է բերվել սահմափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ Կորնետ: Վերջին 2 տարիներին եռակի-քառակի անգամ ավելի շատ է ձեռք բերվել այդ միջոցներից:
2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել Սմերչ կայանքներ, թվերը չնշեմ, վերջին 2 տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը բազմապատկվել:
2012-2018թթ. Հայաստան է բերվել, նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին 2 տարում ձեռք է բերվել կործանիչներ: Այստեղ գաղտնիության պատճառով մանրամասները չեմ նշում, բայց եթե որևէ մեկը փորձի այս թեման շահարկել վստահեցնում եմ որ հաստատ չի տիրապետում իրավիճակին:
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին 2 տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել է մեծ խմբաքանակի հին միջոցներ, և ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից ՏՕՌ-Մ-ը:
2012-2018թթ. Հայաստան է բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ՌԷՊ միջոցներ, որոնք խնդիրներ ունեին և չէին աշխատում: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:
2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել է որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին 2 տարում դրանց քանակը հնգապատկվել է:
Վերջին 2 տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: Ձեռք է բերվել ՏՈՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ: Ուղղակի զսպվեք, ես շատ բան եմ տիրապետում»,- գրել էր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝  ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել էր, թե վերջին 2 տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին 10 տարում։

  3-րդ նախագահի գրասենյակն այսպես էր արձագանքել. «Արծրուն Հովհաննիսյանը կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ էլ միտումնաբար խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *