ԱՐՑԱԽ

Փաշինյանն Իսրայելին առաջարկել է հումանիտար օգնությունն ուղարկել վարձկան ահաբեկիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, The Jerusalem Post-ին տված հարցազրույցում մեկնաբանալեով Իսրայելի՝ Հայաստանին հոմանիտար օգնություն ուղղելու առաջարկը, հորդորել է այդ օգնությունը փոխանցել «ահաբեկիչներին ու վարձկաններին», որոնց, վարչապետի խոսքով, զինում է Իսրայելը:

Այն բանից հետո, երբ Հայաստանը հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, ՀՀ վարչապետին է զանգահարել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլենը եւ առաջարկել հումանիտար օգնություն տրամադրել:

«Հումանիտար օգնություն մի երկրից, որն ահաբեկիչներին զե՞նք է վաճառում, եւ որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական հասարակության դե՞մ: Ես առաջարկում եմ Իսրայելին այդ օգնությունն ուղղել վարձկաններին ու ահաբեկիչներին՝ որպես իր ծավալած գործունեության տրամաբանական շարունակություն»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հավելել է, որ Թուրքիան ու Իսրայելը փաստացի գտնվում են նույն կողմում, եւ հրեական պետությունն առաջիկայում կարող է իր վրա զգալ «Անկարայի կայսերական նկրտումները»:

Ըստ ՀՀ վարչապետի՝ Իսրայելը զինում է մի պետության, որը նպատակ ունի Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանություն իրականացնել: Նա Իսրայելին ակտիվ հակամարտող կողմ է որակել, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կերպով կիրառվում են Ղարաբաղում:

«Իսրայելը պետք է ինքն իրեն հարցնի՝ արդյոք չի՞ պատերազմում նա դե-ֆակտո վարձկանների հետ Լեռնային Ղարաբաղում: Սա հարմա՞ր դիրքորոշում է նրա համար: Եթե այո, ապա Աստված իրենց հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն կոնկրետ հետեւանքներ, եւ ձեր պետությունը ստիպված կլինի բախվել այդ հետեւանքներին»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *