ԱՐՑԱԽ

ՍԻՐՈՎ ԵՎ ՆՎԻՐՈՒՄՈՎ ԵՄ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՍ. ԳԱՅԱՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

Երկար տարիներ են անցել այն օրվանից,երբ ես որոշեցի հոգեբույժ դառնալ : Արագ ընդունեցի որոշումս, որի վրա մեծ ազդեցություն ունեցան ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանի դասախոսությունները: Իհարկե, այդ օրվան ինձ մոտեցրել են հոգեբուժության և հոգեբանության համաշխարհային դեմքերի աշխատությունները, ինչպես նաև գրականությունն ու արվեստը, ու ընդհանրապես՝ մտածողության գաղտնիքների հանդեպ հետաքրքրությունս: Ընդհանրապես՝ սահմանափակ է այն բժշկական գիտությունը, որն ուղղված է բացառապես ֆիզիկական մարմնին: Առավել ևս՝ սա վերաբերում է հոգեբուժությանը, որը գործ ունի ոչ միայն մարդու մարմնի, այլ նաև պատկերացումների, ապրումների, զգացմունքների, խառնվածքի և բնավորության, սոցիալական միջավայրի, ընտանիքի, ժառագականության, հասարակական խոր երևույթների,միտումների հետ: Ու պատահական չէ, որ համաշխարհային գրականության ու քաղաքականության ոլորտում իրենց հետքն են թողել մասնագիտությամբ հոգեբույժները: Ես երբևէ չեմ երազել առողջապահության ոլորտի կառավարիչ դառնալու մասին, այլ իրադարձությունների ընթացքում եմ ստանձնել Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի ղեկավարումը 26 տարի առաջ, 1993 թ - ին: Բազմիցս առաջարկներ եմ ստացել ստանձնել ավելի բարձր պաշտոններ, սակայն հրաժարվել եմ՝ պրակտիկ բժշկության հետ ժամանակային առումով դրանց անհամատեղելի լինելու պատճառով: Պրակտիկ բժշկությունն իմ կյանքի բաղկացուցիչ մասն է եղել մինչ տնօրեն դառնալը, եղել է այդպիսին պաշտոնավարությանս տարիներին: Սիրով և նվիրումով եմ կատարել իմ պարտականությունները , մեծ պատասխանատվությամբ մոտեցել ինձ վստահված բարդ աշխատանքին: 3 ամիս առաջ լրացավ իմ աշխատանքային պայմանագիրը՝ որպես դիսպանսերի տնօրեն: Նոր մրցույթին չէի կարող մասնակցել, քանի որ գործում է տարիքային ցենզ սահմանող իրավական կարգավորում: Դիսպանսերն այժմ ունի նոր տնօրեն, հաստատությունում իր աշխատանքային գործունեությունը սկսած և փորձառություն ձեռք բերած բժիշկ, իմ գործընկեր Արթուր Ղուլիջանյանը: Հաջողություն եմ մաղթում նորանշանակ տնօրենին ու փորձառու անձնակազմին, որի հետ ես շարունակում եմ աշխատել որպես պրակտիկ բժիշկ , հընթացս շարունակելով իմ հասարակական գործունեությունը որպես ավագանու անդամ , որպես մի շարք մասնագիտական նախաձեռնությունների անդամ ու նաև որպես Լոռու մարզի գլխավոր հոգեբույժ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն ղեկավարներին, ում վստահությանն եմ արժանացել և արդարացրել այդ վստահությունը իմ անբասիր մասնագիտական գործունեությամբ: Երբեք չեմ եղել որևէ կուսակցության կամ նեղ խմբավորման անդամ, եղել ու մնում եմ անկախ անհատ՝ կաշկանդված չլինելով որևէ պարտավորությամբ, որը կխոչընդոտեր քաղաքացիական իմ ազատությունը: Պրակտիկ հոգեբուժության ոլորտում ավելի շատ ժամանակ եմ ունենալու գիտելիքներս և փորձս ծառայեցնելու բնակչության կարիքներին , ոլորտի քաղաքականության կատարելագործմանն ու նոր ծրագրեր կյանքի կոչելուն: Ցանկացած փոփոխություն՝ նոր սկիզբ է :

ԳԱՅԱՆԵ Քալանթարյան

Image alt
Դիսպանսերի միշտ ժպտացող աշխատակազմը

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *