ՌԵՖՈՐՄացիա

Ֆինանսական աջակցությունը կարևոր է՝ երեխային ընտանիքում պահելու համար:

Երեխաների պաշտպանության համակարգում փոփոխությունները սկսվել են դեռ 2006-ից: Փոփոխությունների մեկնարկը դրվեց խնամատարության ինստիտուտի ներդրումով,-հիշում է «Առավոտ»» ՀԿ նախագահ Մարգարիտա Շահվերդյանը, ով գործընթացի ակունքներում է եղել: Նրա ղեկավարած «Առավոտ» ՀԿ անմիջական ջանքերի շնորհիվ 13-ամյա Անահիտ Թորոսյանը վերամիավորվեց կենսաբանական ընտանիքի հետ: Մինչ այդ մանկատանն էր: Կազմակերպությունն աշխատում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների հետ, փորձում ամեն գնով բարձրացնել ընտանիքի դերը երեխայի կյանքում՝ սոցիալ հոգեբանական աջակցությունից մինչև անգամ ֆինանսական ու բնաիրային: Հեղինե Մկրտչյանի 3 անչափահաս երեխաները ևս ժամանակին մանկատանն էին: Այժմ ընտանիքը միավորվել է: Երեխաներին մանկատնից խնամատար ընտանիք տեղափոխելով՝ պետությունը նախատեսել է 1 երեխայի հաշվով կրկնակի քիչ վճարել խնամող ընտանիքին, քան ծախսում է մանկատանը, այդպիսով նպատակ ունենալով մանկատների վերակազմակերպման արդյունքում խնայված գումարներն ուղղել խնամատար ընտանիքների թվի ավելացմանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու Հայ Օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը հանդիսանում են պետության գործընկերը՝ ոլորտում տարվող փոփոխությունների: Անցած 10-ից ավելի տարիների ընթացքում խնամատար ընտանիքի համակարգն, ինչ խոսք, բավական զարգացումներ է ապրել,- ասում է ՄԱԿ մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելյանը: Ներդրվել են խնամատարության այլ տեսակներ ևս: Համաձայն երեխայի իրավունքների պաշտպանության 2018 թվականի տարեկան ծրագրի՝ այս տարվա բյուջեով 1 երեխայի խնամքի համար մանկատան օրական հատկացումը կազմում է 8500, խնամատար ընտանիքին՝ 4450 դրամ: 2017-ի համեմատ, թվերը գրեթե, չեն փոխվել: Մանկատանն ապրող 1 երեխայի համար օրական հատկացումը կազմում է 8370, խնամատար ընտանիքներում՝ 4230 դրամ՝ 2 անգամ քիչ: Մանկատների վերակազմավորման գործընթացն ընդհանուր առմամբ դրական գնահատելով, Մարգարիտա Շահվերդյանը կարծիք է հայտնում, որ խնամատարության ինստիտուտը դեռևս կայացման փուլում է: Նա կարծիք է հայտնում, որ ինչպես խնամատար, այնպես էլ կենսաբանական ընտանիքի պարագայում ֆինանսական աջակցությունը կարևոր է՝ երեխային ընտանիքում պահելու համար: Մանկատների վերակազմակերպման արդյունքում ձևավորված այլընտրանքային խնամքի հաստատություններից մեկն էլ փոքր տներն են՝ նախպատեսված շուրջ 10 բնակչի համար: Այստեղ բնակվելով, նրանք անկախ ու ինքնուրույն կենցաղավարման հմտություններ ձեռք կբերեն: Նրանց հետ կլինեն նաև համապատասխան խնամողները,- ասում է Հասմիկ Առաքելյանը: Վանաձորում փոքր տունը դեռևս ձևավորման փուլում է: Այս հարցում էլ պետությանը դարձյալ գործընկերության ձեռք են մեկնել միջազգային կառույցները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *