ՌԵՖՈՐՄացիա

Համայնքային խնամքի կենտրոնների ներդրումը՝ փակ հոգեբուժական հաստատությունները բեռնաթափելու տարբերակ

Սպիտակի հոգեկան առողջության համայնքային կենտրոնում չկա բոլոր փակ հաստատություններին բնորոշ ճաշարանային բույրը: Այստեղ ապրում են մի ընտանիքի պես: Վահագնը Մոսկվայից է: Ուսում ստանալու մեծ ցանկություն ունի,-ասում է կենտրոնի տնօրենը:  Խնդիր կա փաստաթղթերի հետ: Գայանե Ասատրյանն էլ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատից է եկել: Շուրջ 2 տարի է՝ Սպիտակում է, գոբելենագործությամբ է զբաղվում: Մասնագիտությամբ ռադիոինժեներ է: Վարդենիսից հետո՝ կյանքի գույներն էլ են փոխվել: 14 բնակիչ ունի կենտրոնը: Կից՝ հողամաս: Բոլորով են մշակում: Այգին շատ է օգնում: Հողի հետ աշխատանքն էլ յուրօրինակ թերապիա է, ավելի  հանգիստ են զգում իրենց: Թարմ պտուղ-բանջարեղենի խնդիր չունենք,-ասում է մասնագիտությամբ հոգեթերապևտ Բավական Պետրոսյանը: Անգամ խոհանոցում՝ տարին կլոր թարմ պղպեղ են աճեցնում՝ քաղցր ու կծու: Հանրապետության տարբեր հաստատություններից են այստեղ: Եկել ու շոկի մեջ հայտնվել նախկին ու ներկա իրավիճակների տարբերությունից:  Տնօրենը հերթով բոլորի սենյակներն է ցույց տալիս: Ամեն սենյակ՝ առանձին սանհանգույցով: Ցանկության դեպքում՝ ամեն օր լոգանք կարող են ընդունել: Երկրում հաշվառված հոգեկան առողջության խնդիրներով շուրջ 50.000 քաղաքացիներ կան: Նրանց մեծ մասը խնամքի կարիք ունեն,- մեզ հետ հեռախոսազրույցում ասում է  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների և հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը: Վերակազմավորելով հոգեբուժական հաստատությունները՝ պետությունը նաև ցանկություն ունի տարբերակված մոտեցում ցուցաբերել տարբեր աստիճանի հոգեկան խնդիրներով մարդկանց հանդեպ: Փոքր կենտրոնների միջազգային փորձը ցույց է տալիս, որ ոչ մեկուսի վիճակը դրականորեն է ազդում մարդկանց հոգեկան առողջության վրա:  2016-ին « Խնամք» ՀԿ կողմից ստեղծված Սպիտակի խնամքի տունը Լոռու մարզի առայժմ միակ համայնքային կենտրոնն է: Ձեռք են մեկնել՝ ով ինչով կարող է: Սպիտակի քաղաքապետարանը՝ սննդի գումարով, «Երուսաղեմի սուրբ Ղազարի օրդենը Հայաստանում» բարեգործականն էլ՝ հագուստով: Միայն այս տարի է պետությունն ստաձնել կենտրոնի 9 աշխատակիցների աշխատավարձերի ֆինանսավորումը: Հաստատելով «ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19թթ.ռազմավարությունը», որ հնարավորինս  համապատասխանեցվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ՄԱԿ-ի կոնվենցիային, պետությունն աստիճանաբար դեմքով շրջվում է դեպի հոգեկան առողջության ոլորտ: Ռազմավարության նպատակներից է համայնքային ծառայությունների հիմնումը, որով փակ հոգեբուժական հաստատությունները կփոխարինվեն համայնքային կենտրոններով: Ընթացող բարեփոխումների առանցքում պետք է լինի  պետության հստակ  պարտավորությունը  գիտակցել ու ստանձնել հոգեկան առողջության խնդիրներով մարդկանց մասին հոգ տանելու պատասխանատվությունը։ Բավական Պետրոսյանը կարևոր մի խնդրի վրա է ուշադրություն հրավիրում: 14 բնակիչներից 3-ը՝ ճանաչվել են անգործունակ: Գայանեն էլ նրանցից մեկն է: Ունի բնակարան, բայց զրկվել է սեփական գույքը տնօրինելու իրավունքից: Այժմ աշխատում են նրան գործունակ ճանաչելու ուղղությամբ: Շատ ավելի խնդրահարույց են դեպքերը, երբ մարդը կյանքի դժվարին իրավիճակների արդյունքում է ձեռք  բերում հոգեկան խնդիրները և անգործունակի կարգավիճակը զրկում է նրան բոլոր իրավունքներից,- ասում է Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը: Բարեբախտաբար, հոգեբուժական փորձաքննություն անցնելու և համապատասխան եզրակացություն ստանալու համար այլևս կարիք չկա Երևան հասնելու: Խնդիր է նաև համապատասխան սոցիալական ծառայությունների բացակայությունը, որի պատճառով շատ հաճախ կապվում են և հանձնաժողովի, և սոցիալական դեպք վարողի ձեռքերը: Եթե անձն ունի հոգեկան առողջության խնդիր, դեռ չի նշանակում, որ միակ ճանապարհը հոգեբուժարանն ու մեկուսացումն է:  Խնդիրները կարելի է լուծել նաև համայնքում՝ համապատասխան ծառայությունները զարգացնելով: Խնամքի կենտրոնի բնակիչներն ազատ են՝ տեղաշարժի, հարազատներին տեսակցելու և անհատական զբաղվածություն  ունենալու հարցում: Ինչ ուզում՝ ուտում են, իրենք են պատրաստում: Սրանով է այն տարբերվում է հոգեբուժական հաստատությունների ընդունված փակ մոդելից,- ասում է Բավական Պետրոսյանը: Փորձնական այս ծրագրի նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար բնակության արժանավայել, ընտանեկանին մոտ միջավայր ապահովելն է, որպեսզի նրանք իրենց մեկուսացած ու անտեսված չզգան: Լինում են դեպքեր, երբ կենտրոնի բնակիչները վերամիավորվում են ընտանիքի հետ ու ավելի հեշտ սոցիալիզացվում: Չնայած կենտրոնի բնակիչներից ոմանք անհատական զբաղվածություն ունեն և կարողանում են որոշակի գումար վաստակել՝ իրենց կարիքների համար, այդուհանդերձ՝ մտադրություն կա կենտրոնի տարածքում սնկի աճեցման սոցիալական ձեռնարկություն հիմնել: Այն թույլ կտա էապես նվազեցնել ֆինանսական կախվածությունը պետությունից: Այժմ գործընկների փնտրտուքի մեջ են: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *