ՌԵՖՈՐՄացիա

Կորոնավիրուս ախտորոշող հայկական արտադրության ՊՇՌ թեստերը շուտով կկիրառվեն. (տեսանյութ)

Կորոնավիրուս ախտորոշող  հայկական արտադրության ՊՇՌ  թեստերը շուտով կկիրառվեն։ 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սպասում է  Առողջապահության նախարարության  թույլտվությանը՝  թեստերը կիրառության մեջ դնելու համար: 

«Նախատեսված է օրական 2000 թեստի արտադրություն, բայց  հնարավոր է մեծացնել ծավալները, եթե դրա կարիքը լինի։ Այս պահին ունենք պահեստային 6000 թեստ»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Խոսելով  որակի և արդյունավետության մասին՝  նա  վստահեցրել է, որ դրանք 98 %-ով  համընկնում են  ներկրված թեստերի հետ։

Հարցին՝ նախատեսվո՞ւմ է  թեստերի արտահանումը, Արսեն Առաքելյանը նշել է, որ այս պահին չեն քննարկում, քանզի դրանք պետք է անցնեն սերտիֆիկացիայի և գրանցման փուլ։ Հակամարմինների թեստերի ներուժ ունեն, բայց կարծում ենք, որ այս փուլում ավելի կարևոր է ՊՇՌ թեստերի արտադրությունը»։

 Թեստերի փորձնական  արտադրությունը  սկսվել է  մարտին:  Մայիսից արդեն հիմնական արտադրությունն է՝  կառավարության օժանդակությամբ։

«Ստացել ենք 250.000 դոլարի համարժեք դրամ՝  100.000 թեստի համար։ Հավելյալ ֆինանսավորում չենք ստացել»,-ասել է Արսեն Առաքելյանը։  

Հայկական արտադրության մեկ թեստի արժեքը կկազմի 2.74  դոլար,որը մի քանի անգամ ցածր է շուկայական գներից։ Մանրամասները՝ տեսանյութում

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *