ՌԵՖՈՐՄացիա

Մանկատների և խնամքի հաստատությունների վերակազմակերպումը դեռ վաղ է. կատարվում է կարիքների գնահատում

2017-ի մայիսին ՀՀ նախկին սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի հիմնական նպատակը մարզում սոցիալական բարեփոխումների պիլոտային ծրագրի ու, հատկապես, Երեխաների պաշտպանության ոլորտում տարվող կառուցվածքային փոփոխությունների ընթացքին ծանոթանալն էր: 1 տարի անց էլ՝ գործընթացում դեռևս հստակություն չկա: Նույն կերպ շարունակում է աշխատել Վանաձորի մանկատունը: Տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով ուսումնասիրությունների փուլը դեռ չի ավարտվել: Երեխա առ երեխա ուսումնասիրվում, կարիքներ են գնահատվում: Վերակազմակերպման մասին խոսելը դեռ վաղ է,- ասում է նա: Չստացվի, թե մանկատների բեռնաթափման ու վերակազմավորման արդյունքում երեխաներն ավելի վատթար վիճակում հայտնվեն: Ի վերջո, վերակազմակերպումը ենթադրում է նաև կրճատումներ աշխատակազմում, ինչը լրացուցիչ սոցիալական լարվածություն է բերելու: Խնամքի հաստատությունների վերակազմակերպումը խնդրի լուծում չէ, քանի դեռ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են մնալ սոցիալապես անապահովի կարգավիճակում,-ասում է մանկատան տնօրենը: Ներկայում մանկատանը շուրջօրյա խնամք են ստանում 58 երեխաներ, նրանցից ծնողազուրկ են 14-ը, որոնցից 1–ը՝ երկկողմանի: 44 երեխաներ համարվում են առանց ծնողական խնամքի: Ընդ որում, ընդհանուր թվում գերակշռում են տղաները՝ 36-ը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ընտանիքների հետ աշխատող վերականգնողական կառույցների կարիք կա, որոնց շնորհիվ նրանք ձեռք կբերեն ծնողավարման ու կենցաղավարման հմտություններ, ինչի բացակայության պատճառով շատ հաճախ երեխաների համար լավագույն այլընտրանք են դառնում մանկատունը կամ խնամքի հաստատությունը: 2017-ի հունվարին կառավարությունն ընդունեց որոշում՝ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունները վերակազմակերպման միջոցով երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների վերակազմավորելու մասին: Վանաձորի Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունը ևս նույն կարգավիճակում է: Մինչ օրս չկա համապատասխան որոշումը: Սոցապնախարարի փոփոխությամբ պայմանավորված՝ դեռևս անհայտ է նաև բարեփոխումների հետագա ընթացքը,-ասում է հաստատության տնօրենի ժամակավոր պաշտոնակատար Մարիամ Ապերյանը: Այստեղ ներկայում խնամք են ստանում 40 երեխաներ՝ նախկին 106-ի փոխարեն: 66 երեխաների հաջողվել է վերադարձնել ընտանիք: Մարիամ Ապերյանն ասում է, որ ըստ էության այդ երեխաները հաստատությունում հայտնվել էին պայմանավորված՝ ծնողների կայուն ֆինանսական վիճակի բացակայությամբ, ինչի հիմնական պատճառը՝ աշխատանք չունենալն է: Մեծ դժվարությամբ, բայց մեզ հաջողվեց հեռախոսով զրուցել երեխաներին ընտանիք վերադարձրած ծնողներից մեկի՝ տիկին Կարինեի հետ/մեր հերոսուհու անունը հասկանալի պատճառներով փոխված է/: Նրա 2 երեխաները երկար տարիներ հաճախել են Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Լսել է առաջիկա վերակազմավորման մասին: 3-րդ երեխային չի ուղարկելու: Թեև սոցիալական վիճակը բարվոքներից չէ: Չի աշխատում: 3 անչափահասների հետ բնակվում է վարձով: 37.000 դրամ նպաստն է ապրուստի միակ միջոցը: Ասում է, որ աշխատանքի բացակայությունը բազմաթիվ ծնողների հնարավորություն չի տալիս իրենց երեխաներին պահելու ընտանիքում, մինչդեռ ցանկությունը շատ մեծ է: Սննդի տեսքով սոցիալական աջակցությունը լավ է, բայց ժամանակավոր: Մարիամ Ապերյանի խոսքով՝ սոցիալական աշխատողներն ընտանիք վերադարձած երեխաների հետ մշտական կապ ունեն, պարբերաբար տնայցեր են կատարում: Արդյո՞ք հաստատության բազմամասնագիտական թիմն աշխատանքներ է տանում ծնողներին աշխատանքի տեղավորելու կամ դեպի զբաղվածության կենտրոն ուղղորդելու ուղղությամբ: Ըստ Մարիամ Ապերյանի՝ իրենք հիմնականում տրամադրում են սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական սոցիալ-իրավական աջակցություն: Գաղտնիք չէ, որ այս ընտանիքների ճնշող մեծամասնությունը նպաստառուներ են և բարեփոխումների շրջանակներում նաև նպաստառուների թվի կրճատում էր նախատեսված՝ զբաղվածության ծրագրերում ներառելու և այդկերպ աշխատանքով ապահովելու միջոցով, համենայն դեպս այդպես էր վստահեցնում նախկին սոցապ նախարարը Ստացվում է, որ որքան էլ բազմամասնագիտական թիմն աշխատանքներ է տանում ընտանիքների հետ, միևնույնն է՝ չկա երաշխիք, որ ընտանիք վերադարձած երեխան վաղը դարձյալ չի հայտնվի խնամքի հաստատությունում՝ ընտանիքի սոցիալական վատ վիճակի պատճառով: Երեխաների խնամքի և պաշտպանության հաստատության վերակազմավորման արդյունքում ստեղծվելիք երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնները, ինչպես հուշում են բարեփոխումները, հիմնականում զբաղվելու է խնամքի հաստատություններ՝ երեխաների մուտքը կանխարգելելով: Թվում է՝ ամեն ինչ արվում է՝ երեխային ընտանիքում պահելու համար, բայց չի արվում կարևորը՝ տարատեսակ աջակցություններին զուգահեռ՝ այդպես էլ լուծում չի ստանում ընտանիքի՝ զբաղվածության միջոցով կայուն ֆինանսական վիճակ ապահովելու խնդիրը: Հենց սա են մատնանշում ծնողները՝ որպես թիվ 1 պատճառ՝ երեխաներին խնամքի հաստատություն տեղափոխելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *