Հասարակություն

2019-ի 1-ին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու ԶԼՄ-ների ներգրավմամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացրել է 2019թ. առաջին կիսամյակի (հունվար-հունիս) զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին

   2019 թ. առաջին կիսամյակում գրանցվել է լրագրողների ու լրատվամիջոցների ներգրավվածությամբ նոր դատական գործերի աննախադեպ աճ։ Դրանց թիվը հասել է 56-ի՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 10-ի դիմաց։ Ընդ որում՝ 2019-ի դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 53-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 2-ը վերաբերում է տեղեկատվություն ստանալու իրավունքին, մեկը ֆինանսատնտեսական վեճ է: Վերը նշված 56 նոր դատական գործերից 19 դեպքում հայցերը ներկայացվել են շարքային քաղաքացիների կողմից, 19 գործերում հայցվորները քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ (նաև՝ նախկին), պետական մարմիններ են, 7-ում՝ գործարարներ ու մասնավոր ընկերություններ են, 3-ում՝ ՀԿ-ներ, 2-ում՝ դատավորներ, 2-ում՝ փաստաբաններ են, 2 դատական վեճ լրատվամիջոցների և/կամ լրագրողների միջև է, ևս 2 դեպքում ԶԼՄ-ներն են դիմել դատարան՝ ընդդեմ պետական մարմինների: Լրագրողները հետհեղափոխական շրջանում շարունակում են բողոքել, որ պետական մարմիններից տեղեկություններ հայցելիս բախվում են լուրջ խնդիրների։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ի արձանագրած փաստերը վկայում են, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը 2,5 անգամ գերազանցում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Աճել է նաև ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների քանակը՝ ավելի քան 2 անգամ։ Դիտարկվող ժամանակաշրջանում շարունակվել է միտումը, երբ հանրային ու քաղաքական դեմքերն ու պաշտոնյաները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, վիրավորում կամ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերում լրագրողների նկատմամբ, փորձում են «դասեր» տալ նրանց։ Այսպիսի պահվածքով հատկապես աչքի է ընկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչը լրագրողական 10 կազմակերպությունների կրկնակի հայտարարությունների առիթ դարձավ։ Ընդհանուր առմամբ, 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 151 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնությունների փաստեր են, 83-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր, 66-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *