Հասարակություն

«Ա1+»-ն սկսում է իր իրավունքների վերականգնման գործընթաց․վիճարկելու է եթերից զրկելու որոշումները (տեսանյութ)

«Ա1+»-ը քննարկում է դատական հայց ներկայացնել ՀՀ կառավարության դեմ կորցրած իրավունքները վերականգնելու համար։ «Ա1+»-ի փաստաբանական խմբի անդամ Դավիթ Ասատրյանն ասում է, որ ի դեմս պետության՝ պատասխանատու պետք է լինի ոչ միայն կառավարությունը, այլև ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը բազմաթիվ անգամներ որոշել է կապուղի չտրամադրել հեռուստաընկերությանը։ Փաստաբանը չի բացառում, որ պատասխանատու պետք է լինեն նաև այն ընկերությունները, որոնք «Ա1+»-ի հետ մրցակցության ընթացքում և ապօրինի որոշումների արդյունքում կապուղի են ստացել։ Դ․Ասատրյանը նաև հավելում է, որ ոչ միայն եթերից զրկվելու որոշումներ են վիճարկվելու, այլև այդ բոլոր տարիներին եթեր չունենալու հետևանքով կրած վնասների փոխհատուցման հարց է բարձրացվելու։ Եվ պետությունը պետք է գնահատի, թե ինչ չափով է կատարվել «Ա1+»-ի իրավունքի խախտումը, և ինչ չափով փոխհատուցում պետք է տրվի, որ հեռուստաընկերությունն ունենա այն ամենը, ինչը կունենար, եթե եթերից չզրկվեր։ Ի դեպ՝ փաստաբանի ներկայացմամբ իրենք պարզել են, որ ՀՌԱՀ-ի կողմից հայտարարված մրցույթների վերաբերյալ փաստաթղթերը հիմնականում բացակայում են: Ազգային արխիվում առկա են միայն հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց վերաբերյալ որոշումները, սակայն մրցույթների ընթացքում ներկայացված փաստաթղթերը և նյութերը բացակայում են թե՛ հանձնաժողովում, թե՛ ՀՀ ազգային արխիվում: Մինչդեռ այդ փաստաթղթերից կարող էին ակնհայտ դառնալ այն պատճառները, թե ինչու է «Ա1+»-ը զրկվել հեռուստաեթերից, կամ հանձնաժողովի անդամներն ինչու են ցածր գնահատական տվել հեռուստաընկերության ներկայացրած հայտին, և արդյոք անաչա՞ռ էին նրանց գնահատականները։ Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *