Հասարակություն

Ադրբեջանից բռնի տեղահանված 112 ընտանիքների բնակարանների հարցը կլուծվի

Շուրջ 30 տարի առաջ Բաքվից բռնի տեղահանված ու Հայաստան եկած փախստականները եղել են Կառավարության շենքի մոտ։
Հայաստան գալուց ի վեր՝ նրանք ապրում են հանրակացարաններում։ Պարբերաբար խոստումներ են լսել տարբեր  տարբեր կառավարություններից, որ իրենց հատկացվելու են բնակարաններ, սակայն խոստումներն անկատար են մնացել։
 Կառավարության այսօրվա նիստի օրակարգում 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգի հաստատման վերաբերյալ նախագիծն էր:
Նախագծով սահմանվում են 2019 թ. բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները։
2004թ. -ին Կառավարությունը հաստատել է բռնագաղթված անձանց առաջնահերթ բնակարան տրամադրելու ծրագիր, սակայն 2009 թ.-ից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեում ծրագրեր չեն նախատեսվել։
Նախագիծն իրականացվելու է փուլերով։ Այս փուլում լուծվելու է 112 ընտանիքի բնակարանային խնդիր՝ շուրջ 1,5 միլիարդ դրամի  չափով։
Այսօրվա նիստում նախագիծն ընդունվեց, չնայած այն բանին, որ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները մտավախություն ունեին, որ իրենց բնակարանների հարցը այս անգամ ևս չի լուծվի։
Նրանք տեղեկացրին, որ այս պահին բնակվում են հանրակացարաններում, բավական ծանր պայմաններում, հանրակացարաններն արդեն վաճառված են, և իրենք ամեն պահի կարող են անօթևան դառնալու վտանգի առաջ կանգնել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *