Հասարակություն

Ամուլսարի ՇՄԱԳ-ը պարունակում է լուրջ սխալներ.ամերիկացի գիտնական

ԱՄՆ Կոլորադո նահանգում բնակվող երկրաքիմիկոս դոկտոր Էնն Մաեստը, ով 2017թ-ից ուսումնասիրում է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների արդյունահանմանը վերաբերող փաստաթղթերը և մասնավորապես Լիդիան ընկերության ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ները, 2019թ․ օգոստոսի 27-ին հուշագիր է պատրաստել ԷԼԱՐԴ-ԹիԱրՍի ընկերությունների պատրաստած զեկույցի՝ երկրաբանության ու ջրերի հատվածների վերաբերյալ, որը անգլերեն լեզվով ուղարկվել է տարբեր գերատեսչություններ, այդ թվում՝ Բնապահպանության նախարարություն։

Հուշագրում մասնավորապես ասված է, որ երկրաբանությանն ու ջրերին վերաբերող հատվածներն ուսումնասիրած ԹիԱրՍի ընկերության փորձագետներն ունեն բարձր որակավորում և նրանց կատարած մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ամուլսարի ՇՄԱԳ-ը պարունակում է լուրջ սխալներ, տվյալների անհամապատասխանություն և անորոշության բարձր մակարդակ։ Այս զեկույցը, ինչպես և Էնն Մաեստի և Ավստրալիայից և Կանադայից ևս 3 գիտնականների նախկինում արած ուսումնասիրությունները, ակնհայտ են դարձնում, որ մտահոգիչ են ոչ միայն Ջերմուկի ջրերի ու Սևանա լճի վրա բացասական ազդեցությունները, այլև տարածքի աղբյուրների և Արփա, Որոտան ու Դարբ գետերի վրա ազդեցությունը, որը այդ տարածքից օգտվող համայնքների համար կենսական նշանակություն ունի։

Դոկտոր Մաեստը պնդում է, որ անիրատեսական է ակնկալել, որ Ամուլսարում ոսկու արդյունահանման ընթացքում որևէ աղտոտված ջուր չի արտազատվի բնական միջավայր։ Նա մեջբերում է Քննչական կոմիտեի ղեկավարի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ հանքի շահագործման դեպքում ընկերությունը խոստացել է, որ աղտոտիչների որևէ արտազատում բնական միջավայր տեղի չի ունենա և հակադարձում, որ կառավարությունը պետք է վերանայի իր ակնկալիքները, քանի որ ջրերի աղտոտում հաստատ տեղի է ունենալու, իսկ անկախ գնահատողների զեկույցն ակնհայտորեն ցույց է տալիս (էջ 110), որ ստորերկրյա ջրեր են աղտոտվելու։

Անհնար է այլ բան ակնկալել, երբ փորձ է արվում Հայաստանի ջրային համակարգի սրտում բաց եղանակով իրականացնել թթվարտադրության ու աղտոտիչների արտազատման բարձր մակարդակ ունեցող ապարների խոշոր մասշտաբի արդյունահանում, այն էլ մի ընկերության կողմից, որը երբևէ հանք չի շահագործել։ Նույնիսկ ԱՄՆ-ում փորձ ունեցող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից 75-93 տոկոսը ջրերի վրա բացասական ազդեցություն են թողել, իսկ մեղմացման միջոցառումները ձախողվել են 64 տոկոսի դեպքում։ Դոկտոր Մաեստը նաև մատնանշում է, որ Լիդիանն ինքն է իրեն հակասում, երբ պնդում է, որ աղտոտված և չմաքրված որևէ ջուր բաց չի թողնի բնական միջավայր։

Նախ, նա ուշադրություն է հրավիրում «ջուր բաց թողնել» և «ջուր արտազատել» բառերի վրա, և պնդում, որ աղտոտիչների արտազատում տեղի կունենա անկախ ջրերի բաց թողումից։ Ինչ վերաբերում է բաց թողնելուն, ըստ Լիդիանի նախագծի, հանքախոռոչներում կուտակված կոնտակտային (աղտոտված, չմաքրված) ջուրը Լիդիանը նախատեսում էր օգտագործել փոշին նստեցնելու համար՝ առանց նախապես այն մաքրելու։ Այդուհանդերձ, շատ ավելի մեծ մտահոգություն են ներկայացնում կուտակման ոչ ենթակա, այդ թվում՝ հնարավոր վթարների արդյունքում արտահոսման ենթակա կոնտակտային ջրերը։ Ջրերի և ապարների փոխադրման ենթակառուցվածքների քարտեզի վրա (տե՛ս ստորև), դոկտոր Մաեստը ցույց է տալիս, որ կիլոմետրեր ձգվող փոխադրիչներ կան, որոնց վթարների դեպքում աղտոտիչների արտազատման գնահատում արված չէ։ 

Մանրամասները՝ Ա1+-ից

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *