Հասարակություն

Անձին առևանգել են՝ պարտքի դիմաց. բացահայտում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին Արմավիրի մարզի Չոբանքարա կոչվող տարածքի մի առանձնատնից, անձի առևանգման, շորթման, ավտոմեքենայի առևանգման և ապօրինի զենք զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 30 և 32 տարեկան երկու երիտասարդի՝ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով հանդերձ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Պարզվել է, որ նրանք իրենց 33-ամյա ընկերոջ հետ հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 300 000 դրամ պարտքի համար խաբեությամբ առևանգել են պարտատիրոջ 44-ամյա ազգականին և տեղափոխելով Չոբանքարա տարածքի առանձնատուն՝ բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, հունիսի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելով, պարտատիրոջ տան մոտից առևանգել են նրա ընկերոջ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, որը հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերման ենթարկված 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ պայուսակից հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով և փոքր կացին:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երրորդ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *