Հասարակություն

Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում ասված է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով․

«Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երեւանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաեւ միջպետական եւ միջքաղաքային ավտոճանապարհները եւ քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը եւ համաժողովրդական շարժման հաղթանակը: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- մասնավորապես նշված է որոշման հիմնավորման մեջ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *