Հասարակություն

Արաբական անապատների տաք օդային հոսանքներն իրենց տեղը կզիջեն սևծովյան ցիկլոնին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։

Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։

Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։

Առաջիկա ժամերից սկսած տաք օդի այդ ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։  Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *