Հասարակություն

Արմեն Եղիազարյանը` Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի տեղափոխման հարցի մասին

Վերջին շրջանում Վանաձորում ակտիվ քննարկվում և քննադատվում է թիվ 1 պոլիկլինիկայի տեղափոխման հարցը նախկին «Նարեկ»  հիվանդանոցի շենք։ 
ԱԺ պատգամավոր, ԼՀԿ անդամ Արմեն Եղիազարյանը դիմել է առողջապահության նախարարին` առաջարկելով չտեղափոխել պոլիկլինիկան, և այն գումարները, որ նախատեսված են «Նարեկ»  հիվանդանոցի շենքի նորոգման համար՝ օգտագործվեն պոլիկլինիկայի շենքի նորոգման համար` հաշվի առնելով մի շարք լրջագույն հանգամանքներ։

Դիմումում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Թորոսյան,

Իմ ունեցած տեղեկություններով` «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա»  ՊՓԲԸ-ն նախատեսվում է տեղափոխել «Նարեկ»  հիվանդանոցի նախկին մասնաշենք, քանի որ պոլիկլինիկայի ներկայիս մասնաշենքը կարիք ունի վերանորոգման: Հարցի լուծման այս տարբերակը մեծ դժգոհություն է առաջացրել Վանաձորի սպասարկվող բնակչության և պոլիկլինիկայի անձնակազմի մոտ: «Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ն գործում է 1959 թվականից: Ներկայիս շենքը տիպային քարե շենք է և բավարարում է ամբուլատոր ծառայություններ մատուցելու համար պահանջվող ստանդարտներին և տարածքային առումով հարմար է բնակիչներ համար: Պոլիկլինիկայում աշխատում է 136 աշխատակից և սպասարկում է շուրջ 42 000 բնակչի, որոնց մոտ 45 տոկոսը դիսպանսեր հիվանդներ են (շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող հիվանդներ և այլն): 
Խնդիրը կայանում է նրանում, որ Վանաձորի, ինչպես նաև տնակային ավանի բնակիչները, ովքեր հիմնականում սոցիալապես անապահով են, կան նաև տեսողության լուրջ խնդիրներ ունեցող հիվանդներ, դժվարությամբ են հասնում պոլիկլինիկա, իսկ այս նոր տարածքը շատ ավելի անհարմար է թե՛ հանրային տրանսպորտի տեսանկյունից և թե՛ հետիոտնի համար: 
«Նարեկ»  հիվանդանոցի շենքը կառուցվել է 1988թ. երկրաշարժից հետո որպես ժամանակավոր վիրաբուժական բաժանմունք և նույնիսկ նրա ողջ տարածքի վերակառուցման դեպքում չի կարող համապատասխանել պահանջվող ստանդարտներին: 
Առաջարկում եմ «Նարեկ»  հիվանդանոցի վերանորոգման համար հատկացված գումարը տրամադրել արդեն կայացած կառույցի՝ թիվ 1 պոլիկլինիկայի շենքի վերանորոգման համար, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պոլիկլինիկան պատրաստակամություն է հայտնում գումարի չբավարարելու դեպքում մնացած մասը ինքնուրույն հոգալ:
Կից ներկայացնում եմ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի աշխատակիցների դիմումը» :

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *