Ինչպես արդեն տեղեկացրել ենք Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում էր լրագրողների հետ, սակայն նախարարի ասուլիսն ընդհատվեց վերջինի ուռուցքաբանության գծով նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանի մուտքով։
Թամամյանը, մտնելով ներս եւ դիմելով լրագրողներին, նշեց, որ ասելիք ունի, ինչին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ Թամամյանը կարող է ինքը առանձին ասուլիս հրավիրել ու անդրադառնալ իր ուզած խնդիրներին։
Թորոսյանը լքեց դահլիճը, սակայն ուռուցքաբանական կենտրոնի տնօրենին պաշտոնից ազատելու մասին լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ Տանանյանը խոչընդոտել է օտարերկրյա ներդրողի մուտքը տվյալ կենտրոն:
Ավելի ուշ Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում սկանդալային փաստաթուղթ է հրապարակել ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի մասին։
Ըստ այդ փաստաթղթերի, «Վարան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնի ռադիոթերապիայի բաժում ծագած խնդիրների եւ ներդրումային ծրագրի զեկույցը, նշելով որ մոտ 3 տարի առաջ ընկերության տնօրեն Մոհամմադ Շահրամն այցելել է Հայաստան եւ տվյալ կենտրոն, ծանոթացել իրավիճակին եւ ցանկացել սարքավորումներով համալրելով խոշոր ներդրումներ կատարել:
Տնօրենի ներկայացմամբ՝ ընկերների միջոցով ծանոթացել են կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի հետ, որոշվել է ընկերություն գրանցել եւ ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով: Ընթացքում Տանանյանը պահանջել է ընկերության բաժնեմասի 50 տոկոսը, եւ քանի որ ի սկզբանե սարքի ձեռքբերման ամբողջ ծախսերը պետք է կատարեր նշված ընկերությունը՝ օտարերկրյա ներդրողը, ուստի առարկել են բաժնետոմսերի այդ ծավալին, իսկ պատասխանը, ըստ զեկույցի, այն է եղել, որ Հայաստանում ցանկացած ներդրումների պարագայում հարկավոր է բաժին հատկացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաններին. «Եվ պահանջված հիսուն տոկոսի բաժնեմասի մեծ մասը հատկացվելու է երկրի բարձրաստիճան ղեկավարի շրջապատին:
Եվ քանի որ մենք «Վարան» ընկերությանն արդեն պատվիրել էինք սարքը եւ կանխավճար կատարել, ստիպված համաձայնեցինք: Իհարկե, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատանը ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությունն այս գործում հաստատվեց: «Իրա Մեդիքալ գրուպ» ընկերության հիսուն տոկոսը հատկացվեց Հայկ Տանանյանին, որը Արմեն Տանանյանի եղբայրն է»:
Ապա, ինչպես նշված է այդ փաստաթղթում, պայմանավորվել էին, որ կենտրոնում վարձակալած տարածքի մի մասը վերանորոգելու է հայկական կողմը, ինչպես նաեւ որոշ սարքեր ձեռք կբերի, կողմերի ծախսերը հատուցվելու է սարքի շահագործման արդյունքում առաջացած եկամտով. «Ծախսերի եւ ապրանքների ձեռք բերման ընթացքում Արմեն Տանանյանը հայտարարեց, որ երկրում կայացած ընտրությունների ժամանակ մեծ ծախսեր է արել եւ չի կարող խոստացած ներդրումը կատարել: Պարտավորված այդ գումարները եւս մենք վճարեցինք»:
0 Մեկնաբանություն