Հասարակություն

Ատելության խոսքի դեմ պայքարող կազմակերպությունները պահանջում են, որ Facebook-ն արգելի և հեռացնի Հայոց ցեղասպանությունը ժխտող գրառումները.Լուրեր

Անցած հոկտեմբերին Facebook սոցիալական ցանցն արգելեց Հոլոքոստը ժխտող գրառումների հրապարակումը։ Այսօր արդեն ատելության խոսքի դեմ պայքարող կազմակերպությունները պահանջում են, որպեսզի Մարկ Ցուկերբերգը նման որոշում կայացնի նաև Հայոց Ցեղասպանության և այլ ցեղասպանությունները կասկածի տակ դնող գրառումների հանդեպ։ Այդ մասին գրում է Business Insider-ը։  Կազմակերպությունները պնդում են, որ սոցիալական ցանցը թերանում է մարդկության դեմ գործած հանցագործություններին պատշաճ արձագանքելու հարցում։

Bloomberg-ը հիշեցրել է, որ հոկտեմբերին կայացած որոշումը պաշտոնապես չի վերաբերել այլ ցեղասպանություններին, օրինակ՝ Հայոց Ցեղասպանությանը, Ռուանդայի ցեղասպանությանը։ Հայ բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի անդամ Արդա Հարությունյանը հանդեսի հետ զրույցում պնդել է, որ աշխարհի խոշորագույն սոցցանցը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր ցեղասպանությունների հանդեպ։ «Ինչպե՞ս կարող եք չկիրառել միևնույն կարգավորումը մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների հանդեպ», հարցադրում է արել ՀԲԸՄ ներկայացուցիչը։

Նման վերաբերմունքին վերջ տալու համար Հայ փաստաբանների ասոցիացիան նոյեմբերին Facebook-ին և Twitter-ին դիմում է հղել՝ առաջարկելով արգելքը կիրառել նաև Հայոց ցեղասպանությունը ժխտող գրառումների հանդեպ։ Ասոցիացիայի անդամ Լանա Հակոբյանը Business Insider-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ կազմակերպությունները կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը։ «Մենք այժմ լիահույս ենք, որովհետև Facebook-ը ցույց տվեց, որ քայլեր է ձեռնարկում՝ սոցցանցում ատելության խոսքի դեմ պայքարի ուղղությամբ»,- ասել է Հակոբյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *