Հասարակություն

Ավինյան-Եսայան եղբայրներ-Փաշինյան տրիոյի գործարքի հաղթանակը․«Ղարաբաղ-Տելեկոմը» հանձնվել է Եսայան եղբայրներին.168.am

Դեռ 2020թ. դեկտեմբերի 3-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային օրակարգի շրջանակում ընդունել էր «Beeline» բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը:

«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակն Արցախում»,- այդ օրերին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր Արցախի նախագահը:

Դեռ այն ժամանակ էինք տարակուսել՝ արդյոք Եսայանները Արցախ որպես այլընտրանքային օպերատո՞ր են ցանկանում մտնել, թե՞ այնուամենայնիվ վերջնական նպատակը «Ղարաբաղ-Տելեկոմը» ստանալն է:

Հիշեցնենք, որ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, այն էլ՝ պատերազմական վիճակում գտնվող և աշխարհաքաղաքական կենտրոնների համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի տարածքում, ինչպիսին Արցախն է։

Սակայն անհասկանալի էր, թե ինչո՞ւ են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից լոբբինգ անում Եսայան եղբայրների ընկերությունը, ովքեր, ի դեպ, վերջին ամիսներին շարունակ հայտնվում են տարատեսակ սկանդալների էպիկենտրոնում: Ավելին, մեզ հայտնի էր դարձել նաև, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ հրահանգը ստացել էր Հայաստանի իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանից և Տիգրան Ավինյանից։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 27-ին՝ պատերազմական գործողությունների թեժ շրջանում, 168.am-ը գրել էր այն մասին, որ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Ղարաբաղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության այս ընդունում-հանձնումից հետո հետաքրքիր  իրադարձություններ են տեղի ունենում ընկերությունում: Մասնավորապես, այդ օրերին ընկերության ցանցը ենթարկվում է հաքերային DDOS հարձակման, և մինչ մասնագետները փորձում են կարգավորել ընկերության աշխատանքը, Արցախում են հայտնվում հեռահաղորդակցության ոլորտում նորաստեղծ, բայց մեծ քայլերով առաջ գնացող «Թիմ» ՍՊԸ-ի հիմնադիրներ Ալեքսանդր և Հայկ Եսայանները:

Մեզ հետ զրույցում  «Ղարաբաղ-Տելեկոմի» աշխատակիցները դեռևս այդ օրերին ասել էին, որ այն ընթացքում, երբ ընկերությունը ենթարկվել էր DDOS հարձակման, Եսայան եղբայրները եղել են ընկերությունում, ավելին, ցուցումներ են տվել աշխատակիցներին ու ղեկավար կազմին, որոշակիորեն ղեկավարել ընկերության աշխատանքները:

Եվ ահա երեկ տեղեկացանք, որ դեկտեմբերի 3-ի մեր հրապարակումից հետո՝ դեկտեմբերի 4-5-ի շրջանում, «Ղարաբաղ-Տելեկոմը» հանձնվել է Եսայան եղբայրների կառավարմանը, ովքեր միաժամանակ նաև «Beeline» բրենդը ձեռք բերած ու «Վեոն Արմենիա» ընկերության մեջ միավորած գործարարներն են:

Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք նաև, որ Եսայան եղբայրներն իրենց անխոչընդոտ բիզնես գործունեությունը ծավալում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո, ներկայացրել էինք եղբայրների ու նրա կապը, ընդհանուր հետաքրքրություններն ու հավանական գործնական հանդիպումների վայրը:

«Ղարաբաղ-Տելեկոմի» մեր աղբյուրները տեղեկացրեցին նաև, որ դեկտեմբերի սկզբից Եսայանները ներքին կարգով հանձնարարել են աշխատակազմին, որ փակեն Հայաստանում «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի և «Յուքոմի» ցանցում ռոումինգի հասանելիությունը:

Այսինքն՝ եթե արցախցին գալիս է Հայաստան, կարող է միանալ միայն «Բիլայնի» ցանցի ռոումինգին, իսկ դա նշանակում է, որ տվյալ բաժանորդը, եթե չի օգտագործում «Բիլայնի» կապ, ստիպված է ձեռք բերել այն: Դե, իսկ քանի որ արդեն գիտենք, որ «Բիլայնը» պատկանում է Եսայան եղբայրներին, այս առումով հարցեր, կարծում ենք, չեն առաջանում:

Մնում է միայն հասկանալ՝ շուկայում մոնոպոլ դիրք Եսայաններին տալով՝ Փաշինյանի և Ավինյանի հետ միասին, ի՞նչ շահագրգռություն է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով դեռ պատերազմը նոր սկսած՝ ամենակարևոր գործը համարեց «Ղարաբաղ-Տելեկոմը» պետության կառավարմանը հանձնելը, իսկ մենք դեռ այն ժամանակ էինք գրել այս գործընթացի հեռահար նպատակի մասին, որը, փաստորեն, ոչ մի կապ չուներ ոչ պատերազմի, ոչ էլ հայրենասիրության կամ անվտանգության հետ: Իսկ կապի և հեռահաղորդակցության ոլորտը ոչ միայն բիզնես շահեր է սպասարկում, այլև քաղաքական, անվտանգային։ Իսկ նման շահեր այստեղ կարող են ունենալ նաև արտաքին «խաղացողները»:

Ինչպես ասում են՝ «Ничего личного. Просто бизнес»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *