Հասարակություն

ԱԺ-ի մոտից բերման ենթարկված 101 անձանց թվում է ըմբիշ Ռոման Ամրոյանը

Ազգային ժողովի դիմաց լեփ-լեցուն է․ այնտեղ են հավաքված մեծ թվով ոստիկաններ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները։

Ոստիկանները քաղաքացիների բերման են ենթարկում և թույլ չեն տալիս հավաք անցկացնել՝ հղում անելով արտակարգ դրության մասին օրենքին։

Ոստիկանության Պարեկապահակային գնդի հրամանատար, գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ոստիկանությունը բոլորին  ֆիքսել է դեմքերով։ 

«Մենք մինչև բերման ենթարկելը և՛ զգուշացրել ենք, և՛ ժամանակ ենք տվել, որպեսզի հավաքի վայրից հեռանան․ այս պահին հավաքի վայրը հանդիսանում են հարակից փողոցները։ Ներկայացրել ենք, չեն հեռացրել, օրինական պահանջով տարել են Ոստիկանության բաժիններ»,- ընդգծեց Խուդինյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է Ոստիկանությունը տարբերում սովորական քաղաքացուն հավաք իրականացնողից, Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Էդգար Պետրոսյանը պատասխանեց, որ վաղուց են տարբերակել, սակայն ոչ բոլորին են ոստիկանները դեմքով ճանաչում։ 

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ժամը 11-ի դրությամբ ԱԺ-ի մոտից բերման է ենթարկվել 101 քաղաքացի, որոնց թվում է նաև Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբիշ Ռոման Ամրոյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *