Հասարակություն

Բնապահպանական ոլորտին առնչվող ինֆորմացիան սահմանափակող նախագիծն անթույլատրելի է․ բնապահպան

Ապրիլի 2–ին Կառավարությունն ընդունեց  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը,  որով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանափակել ոլորտին առնչվող տեղեկության տրամադրումը։

Նախագիծը կառավարության նիստում ընդունվեց առանց զեկուցման, մինչդեռ մասնագիտական հանրության շրջանում այն բուռն քննարկումների առիթ է դարձելլ

Մասնավորապես՝ մասնագետները բարձրաձայնում են այն մասին, որ օրենքը հանրային քննարկում չի անցել: Բնապահպան Լևոն Գալստյանը «Ա1+»-ի հետ զրույցում  նշել է, որ երբ նախագիծը դրվել է քննարկման e-draft.am-ում, այնտեղ  քվեարկողների մեծ մասը դեմ են եղել, սակայն նրանց կարծիքները հաշվի չեն առնվել, իսկ Կառավարության նիստում հաստատված վերջնական տարբերակը բոլորովին այլ բան է, ինչն էլ Գալստյանի խոսքերով՝ աբսուրդ է.

«Այստեղ կարևորն այն է, որ հարթակում քննարկման սխեման չի աշխատում, սա անթույլատրելի գործելաոճ է, նույնիսկ  եթե ամենալավ որոշումն ես կայացնում, նման ձևով փոփոխություն անելն անթույլատրելի է»:

Գալստյանի կարծիքով՝ նախագծի հիմնավորումները աբսուրդային են.

«Հարց է պետք տալ նախարարությանը, թե անկախ Հայաստանի պատմության ընթացքում  որևէ մեկը դիմե՞լ է իրենց և ուզել, օրինակ, բեզոարյան այծերի կամ ընձառյուծի ապրելատեղի կոորդինատները և բազմացման վայրերը: Կամ իրենք շա՞տ գիտեն բազմացման վայրերը»:

«Իրենք կարող են բնապահպանական տեղեկությունը տրամադրել կամ մերժել՝ իրենց ճաշակով», -ասում է Գալստյանը:

Հարցին՝ ո՞րն է  նման սահմանափակումների նպատակը, ի՞նչ ունի թաքցնելու գերատեսչությունը, բնապահպանն ասում է.

«Ենթադրենք կա հանքավայր «Արևիկ» ազգային պարկի տարածքում, այն Նռնաձորի ինչ-որ հանքավայր է, որը Թոխմախի Մհերի տղայինն է: Հեղափոխությունից հետո նորից տվել են դրա երկրաբանական հետախուզման թույլտվությունը, կան փաստեր, որ այդ տարածքն ամբողջովին ընձառյուծի  տարածք է, և ինքն այդտեղով միգրացիա է անում, տեղաշարժվում է, եթե մենք չունենք այդ տեղեկությունը, միայն իրենք ունեն՝ որպես նախարարություն, կարող են մանիպուլյացիա անել և ասել, որ չկա այդպիսի բան այդտեղ, իսկ տեղեկություն չտալն էլ կլինի օրենքով:    Մի ուրիշ տեղ կարող է ուզենաս իմանաս «y» տարածքում ինչ-որ տնտեսական գործունեություն է իրականացվում, կա՞ արդյոք գրանցված բուսատեսակ կամ կենդանատեսակ, հարցում անես, կասեն՝ չենք կարող տալ»:

Իր ֆեյսբուքյան էջում այս խնդրի մասին բարձրաձայնել էր նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Նա մասնավորապես նշել է. «E-draft ում դրված Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի տարբերակը ուրիշ է եւ չի համապատասխանում այն նախագծին, որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 2-ին։ Փաստորեն, քննարկվել է մի բան, սակայն ընդունվել այլ տարբերակ»։ 

Նախագիծը դեռևս պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովում:

Ֆեյսբուքյան իր էջում օրենքի նախագծին անդրադարձել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա միացել է 230-ից ավելի ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությանը և նշել.

«Էս նախագիծը չբերեք խորհրդարան։ Սրանով ջնջխելու եք ազատ խոսքն ու երկրի բնապահպանական անվտանգությունը»:

Հիշեցնենք` ըստ այդ նախագծի՝ առաջարկվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լրացնել հետևյալ կետով. «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *