Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները կասեցվել էին ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։
Վաղուց կայացրել եմ ինձ համար դժվար մի որոշում, բայց, հաշվի եմ առել հետպատերազմյա ցնցումներից բխող վտանգները և հետաձգել եմ այն, որպեսզի չմեծացնեմ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների վերադառնալու հնարավորությունները։ Անկախ այն բանից, որ իմ հանդեպ սխալ է արվել, չեմ արել մի քայլ, որ իմ պատճառով ձախողվի հեղափոխության արդյունքում ձևավորված և ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը։ Ավելին՝ լեգիտիմ իշխանությանը ճգնաժամային իրավիճակներում միշտ սատարել եմ։ Սակայն ինձ համար անհասկանալի պատճառներով այս ընթացքում չի հաջողվել հանդիպել վարչապետի հետ և ներկայացնել տարբեր հարցերում տեսակետներս, անհամաձայնություններս, որի փորձն արել եմ նաև հրադադարից անմիջապես հետո։
Ուստի այսօր դիմում եմ ներկայացրել վարչապետ Փաշինյանին, որ ինձ ազատի Պետական վերահսկողկան ծառայության ղեկավարի պաշտոնից։
Հայրենակիցնե՛ր,
Պատերազմից հետո ստեղծված կառավարման և քաղաքական ճգնաժամերից դուրս գալու հիմնականում երկու արհեստական ընտրության առաջ եք կանգնած. սատարել փողոցում բողոքի ակցիաներ իրականացնող նախկին ռեժիմի ներկայացուցիչներին (որոնց մեծ մասին մերժել ենք միասնականորեն) և ներկա կառավարությանը, որն այդպես էլ տարբեր պատճառներով չկարողացավ իրականացնել հեղափոխության, ապաև՝ ընտրությունների ժամանակ տված խոստումների մեծ մասը։ Ձեր մեծամասնությունը, ներկա իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի մասնակցել նախկինների կազմակերպած փողոցային պայքարին, կամ սատարում է ներկա կառավարությանը միայն նրա համար, որ չմեծացնի նախորդների ռևանշի շանսերը։ Իսկ քաղաքական այսպիսի ստատուս քվոն հղի է պետության անվտանգության սպառնալիքներով և հանդիսանում է զարգացման իրական խոչընդոտ։
Ուստի, հայտարարում եմ, որ համախոհ ընկերների հետ նախաձեռնում ենք նոր քաղաքական գործընթաց և առաջիկայում կներկայացնենք ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու և Հայաստանի զարգացման ու հզորացման մեր բանաձևերը։
Ծառայել եմ, ծառայում եմ և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։
0 Մեկնաբանություն