Հասարակություն

Եղեգնաձորում ծեծված սպան շարունակում է կոմայի մեջ մնալ: Իրավապաշտպանը մտահոգված է քննչական գործողություններով

Եղեգնաձորում շենքի բակում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ կոմայի մեջ, վիճակը շատ ծանր է,- այս մասին «Ա1+»-ին ասել է «Իրավունքի սահման» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Գևորգ Հովհաննիսյանը: Նա այցելել է «Մուրացան» զինվորական հիվանդանոց, որի վերակենդանացման բաժնում է գտնվում Ա․Մխիթարյանը։ Անդրադառնալով ծեծի կապակցությամբ հարուցված քրեական գործին՝ Գևորգ Հովհաննիսյանն ասել է, որ քննչական գործողությունները շատ դանդաղ են ընթանում: «Եթե սա շարքային մի գործ լիներ, ում անունները, որ հրապարակվում են որպես դեպքի ականատես կամ մասնակից, կամ կձերբակալեին կամ կալանավորած կլինեին։ Բայց դեպքին ներկա, վկա զինծառայողները կոնկրետ մատնացույց են անում 4 հոգու, որոնցից ընդամենը 2-ն են կալանավորված։ Բա մնացածի մասով ի՞նչ է արվում, որևէ տեղեկություն չկա»,- շարունակեց նա։
Ներկայում, ըստ Գ․ Հովհաննիսյանի, պաշտոնապես հերքվում է, որ վիճակը այսպիսին է կամ այլ, պաշտոնապես որևէ բան չկա։ «Ես լավ եմ հասկանում, որ էդ մարդը (Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը) հենց Գյումրիից քայլելու ընթացքում եղել է ներկա վարչապետի կողքին, քայլողներից մեկն է եղել։ Այսինքն՝ եթե իր մեղքը հիմնավորվում է, հասկանալի է, չէ՞՝ ի՞նչ գնահատականների տեղիք կտա»,- նկատեց նա։
Ըստ իրավապաշտպանի՝ քննչական գործողություններում հատկապես օպերատիվ բլոկն է պասիվ աշխատում, որի գործողությունները տրված հրամաններով են պայմանավորված։ Հարցին, թե ովքե՞ր են օպերատիվ բլոկում գործում, նա պատասխանեց՝ քրեական հետախուզության աշխատակիցները։ «Ներկա տեխնիկական միջոցներով հնարավոր է պարզել, թե այդ միջադեպի պահին այդ տարածքում ի՞նչ հետախոսահամարներ են ակտիվ վիճակում եղել։ Այդ ամենը հնարավոր է պարզել, տեխնիկական միջոցներն առկա են»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Արա Մխիթարյանի առողջական վիճակի ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ կազմակերպության ղեկավարը ընդհանուր դժգոհություններ է հայտնել նաև ձեռնարկվող բժշկական միջոցառումների մասով։ «Մենք առաջարկեցինք, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կա լուրջ զարգացած գիտահետազոտական կենտրոն՝ «Բուրդենկո» (ակադեմիկոս Նիկոլայ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ազգային բժշկական հետազոտման կենտրոն)։ Արդյոք այնտեղի մասնագետներից ներգրավվե՞լ է որևէ մեկը, թե՞ ոչ, եթե այո, ապա՝ ո՞ւմ։ Եթե ներգրավվել է, ապա ի՞նչ հետազոտություն են անցկացրել և ի՞նչ ախտորոշում են տվել։ Այս 3 հարցը այսօր մենք (ես էի, ծնողները, ազգակաները, եղբայրներն էին կանգնած) փոխանցեցինք Պաշտպանության նախարարության լրատվականի ներկայացուցչին՝ Արշիկ անունով, որն այսօր առավոտյան եկել էր հոսպիտալ»,- շարունակեց իրավապաշտպանը։ 
Ըստ Գ․ Հովհաննիսյանի՝ ՊՆ աշխատակիցը խոստացել է բարձրաձայնել այս առաջարկը, իսկ հետագայում տեղեկացնել Արա Մխիթարյանի հարազատներին։ Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ ներկայացուցիչը տեղյակ չէր այդ նյարդավիրաբուժական կենտրոնից։ 
Հիշեցնենք՝ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի ժամանակ ծեծկռտուքի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈւՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում»։ Միջադեպի առիթով սեպտեմբերի 22-ին կալանավորվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել և հոկտմբերի 4-ին կալանավորվել էր մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջադեպին որպես մասնակից շրջանառվում է նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, վերջինս, սակայն, հերքում է իր մասնակցությունը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *