Հասարակություն

Եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Հայ առաքելական եկեղեցին սկսել է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Տոնը հունվարի 6-ին է, իսկ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Հայ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից՝ Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախատոնակին: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *