Հասարակություն

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի արձագանքը թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենի հայտարարությանը

Ս.թ. մայիսի 17-ին Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամների կողմից Երևանի թիվ 16 պոլիկլինիկա այցի ընթացքում հաստատության տնօրենը հայտարարել էր, որ պոլիկլինիկան իրեն կցագրված բնակչության մի մասին չի կարողացել գրանցել էլեկտրոնային առողջապահության համակարգում, քանի որ գրանցման համար պոլիկլինիկային ներկայացվել են բազմաթիվ պահանջներ, որոնք հնարավոր չի եղել բավարարել: Տնօրենի պնդմամբ, դրա արդյունքում կրճատվել է պոլիկլինիկայի պետական ֆինանսավորումը:

Հաշվի առնելով, որ թիվ 16 պոլիկլինիկան պետական ընկերություն է և կցագրված բնակչության բուժսպասարկումը իրականցվում է պետական միջոցներով՝ տնօրենի վերոնշյալ հայտարարության կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

2017թ-ին թիվ 16 պոլիկլինիկայում համակարգի ներդրման ընթացքում  պոլիկլինիկայի կողմից ներկայացվել են այդ պահի դրությամբ կցագրված 33,109 անձի տվյալներ՝ համակարգ ներմուծման նպատակով, որոնցից՝

Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով, բնակչության պետական ռեգիստրի բազայի հետ համադրմամբ պարզվել է, որ  680-ը եղել են մահացած անձանց տվյալներ (հետևաբար՝ դրանք չեն ներմուծվել համակարգ),

610 անձի տվյալներ ներկայացվել են ավելի քան մեկ անգամ (հետևաբար, դրանք  համակարգ ներմուծվել են միայն մեկ անգամ),

1,519 անձի տվյալներ ներկայացվել են նաև այլ բուժհաստատությունների կողմից՝ իրենց մոտ կցագրման ավելի ուշ ամսաթվերով (հետևաբար, համակարգում դրանք կցագրվել են վերջիններիս),

4,993 անձ չի գտնվել բնակչության պետական ռեգիստրում հաշվառված անձանց ցանկում, որի հնարավոր պատճառներն են՝ անձնական տվյալներում առկա սխալները,  այդ անձանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսանալը, ներկայացված տվյալներով անձանց գոյություն չունենալը: Չնույնականացված անձանց ցանկը հետ է ուղարկվել պոլիկլինիկային՝ տվյալների ճշգրտման և մուտքագրման նպատակով:

Այսպիսով՝ 2018թ. մայիսի 21-ի դրությամբ թիվ 16 պոլիկլինիկայում «Առողջության առաջնային պահպանում» տիպով կցագրված է 30,674 անձ:

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը կոչ է անում բուժհաստատություններին զերծ մնալ էլեկտրոնային առողջապահության համակարգի վերաբերյալ ոչ հավաստի և չհիմնավորված տեղեկատվության  տարածումից։

Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը գործում է 2017թ.-ի սեպտեմբերից՝ ՀՀ Կառավարության հետ կնքված կոնցեսիայի պայմանագրի հիման վրա:

Էլեկտրոնային առողջապահության համակարգը (www.armed.am) միասնական տեղեկատվական համակարգ է`  միտված արմատապես բարեփոխելու առողջապահության ոլորտը Հայաստանում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *