Հասարակություն

Ընտրախախտումներ

Ժամը 10:43-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 91 խախտում եւ 6 միջադեպ․ այս մասին հայտնում է Transparency.am կայքը:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճակահանության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը եւ այլն:

Առավել շատ խախտումներ են արձանագրվել Նոր Նորք, Ճարտարապետության և շինարարության պետական քոլեջում՝ Մառի 17/1, 2/16 ընտրատեղամասում: Այստեղ խախտումների թիվը 6-ն է: 4 խախտում էլ գրանցվել է 9/6 ընտրատեղամասում՝ Նորք-Մարաշ, թիվ 157 դպրոց, Նորքի 11 փ. 62: Իսկ 7/46 ընտրատեղամասում արձանագրվել է 3 խախտում՝ Մալաթիա-Սեբաստիա, թիվ 95 մանկապարտեզ, Անդրանիկի 124:

Վերջին միջադեպը գրանցվել է Աջափնյակում 6/8 ընտրատեղամասում: Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝  արդյո՞ք ամեն ինչ կարգին է, թե՝ ոչ, և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս:

Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից, պատճառաբանելով, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *