Հասարակություն

Երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

«Գործող Սահմանադրությամբ, որի հեղինակներից մեկն էլ ես եմ, Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության»,- ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ կողմից երեկ ընդունված օրենքին։

Թովմասյանն ընդգծել է՝ գործող Սահմանադրության մեջ գրված չէ՝ եթե փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, ապա դա ենթակա չէ սահմանադրական վերահսկողության։ Այսինքն՝ ՍԴ նախագահը պնդում է, որ իրենք կարող են քննել նաև իրենց առնչվող հարցը։ Նախագծի վերաբերյալ Թովմասյանը գնահատականներ չհնչեցրեց։

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել, քանի որ ԱԺ-ում ընդունված օրենքը վերաբերում է իր պաշտոնավարմանը, Թովմասյանն ասաց. «Կա իրավունքի սկզբունք, առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է ենթարկվել կամ չենթարկվելը, այլ անձն իրավունք չունի դրան ենթարկվել»,- ասաց ՍԴ նախագահը։

Քաղաքական մեկնաբանություններ չհնչեցրեց, միայն ասաց. « Որպես իրավաբան եմ ասում, երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,- ասաց նա։

«Ա1+»-ի հարցին, թե ՍԴ շուրջ տեղի ունեցողն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է, Թովմասյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ, ի՞նչ եք ասում, երեկ ինչ-որ մեկը հայտարարել է, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է։ Նման բան ականջովս ընկել է, ասել են, որ քաղաքական գործընթաց չկա, այս ամենն արվում է երջանիկ ապրելու համար։ Այնպես որ հավատացեք, որ երջանիկ ապրեք։ Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո բոլորս երջանիկ ենք ապրելու»։

Նա ընդգծեց, ինքը շարունակելու է գալ աշխատանքի, նիստեր կան նշանակված։

Հարցին, թե ինչու ՀՀ երկրորդ հնախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա վարույթի շրջանակում նիստ նշանակվեց հենց երեկ, Թովմասյանն արձագանքեց.

«Չընդունել չէինք կարող։ Սահմանդրության 56-րդ հոդվածն ասում է՝ գործը վերսկսում է կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքերի վերացումից հետո։ Հիմա կասեցման երկու հիմք կար՝ ՄԻԵԴ կարծիքն ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»,- ասաց նա։

Թովմասյանը տեղեկացրեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին տեղեկացել է հունիսի 19-ի երեկոյան։

«Հիմա եթե ես ուրբաթ օրն եմ տեղեկացել, ե՞րբ պետք է ընդգրկեի, եթե ոչ առաջին նիստին։ Իսկ մեզ մոտ առաջին նիստը երկուշաբթի էր»,- ասաց ՍԴ նախագահը։

Տեսանյութը՝ Ազատության

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *