Հասարակություն

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի ՊՆ նախարարի պաշտոնից». վարչապետ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Եռաբլուրի պանթեոն՝ ապրիլյան զոհերի հիշատակը հարգելու: Նա ծաղիկ խոնարհեց սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Զորավարի շիրիմներին, հետո այցելեց ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին: Նա գրկախառնվեց զոհերի հարազատների հետ, մեկ-երկու բառ փոխանակեց՝ հորդորելով պինդ մնալ ու փորձելով սփոփել նրանց: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց մենք պետք է նաեւ հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չի, մենք, որպես պետություն, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Լրագրողները հարցրեցին՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայտարարել էր, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձևաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց», այսինքն, նախկին բանաձեւն արդեն մեզ համար ընդունելի չէ, նոր մարտահրավերնե՞ր կան, դրա՞ համար է փոխել՝ վարչապետը պատասխանեց. «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկը անիմաստ է: Ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի ՊՆ նախարարի պաշտոնից: Ի՞նչ է ասել նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մենք ձգտելու ենք հաղթել այդ պատերազմում, եթե պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի, ինքը պետք է չաշխատի: Սա ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը»: 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *