Հասարակություն

Եթե վարչապետը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից, ապա փակելու ենք Էրեբունու ավտոշուկան. Ավտոներկրողների միության նախագահ. Ցայգ TV

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի Գյումրիում մաքսակետ կառուցելու մտքից և այս հարցում քաղաքացիների օգտին որոշում չկայացնի, ապա փակելուն ենք Էրեբունու ավտոշուկան, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

«Իրավիճակը շատ լարված է, ուրիշ ելք չունենք»,-ասաց նա և հույս հայտնեց, որ վարչապետը դրական որոշում կկայացնի:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Կառավարության դիմաց ավտոներկրողները բողոքի ակցիան էին կազմակերպել՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, և նրանց պատասխանել էին, որ մոտակա օրերին վարչապետը դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենք առաջարկում են Գյումրիում մաքսատան գործելուն զուգահեռ Երևանում էլ մնա մաքսատուն. «Պետք է չինովնիկներն ընկալեն իրավիճակը, իրենք հեռու են գտնվում իրականությունից և միայն բողոքից հետո են մոտենում խնդիրներին: Եթե իրենք ժողովրդի կողմն են և չունեն անձնական շահեր Գյումրիում, ապա պետք է ժողովրդի օգտին որոշում կայացնեն»:

Ավտոներկրողների միության նախագահն ասաց, որ ՊԵԿ նախագահի տեղակալը նույնիսկ հայտարարություն է արել, որ Գյումրիում ավտոշուկա են ցանկանում կառուցել, ինչը վրդովվեցրել է ավտոներկրողներին, քանի որ որպես առևտուր անող քաղաքացիներ չենք կարողանա մեքենաները թողնել Գյումրիում ու գալ տուն՝ Երևան: Ըստ նրա` դա ընդհանրապես աբսուրդ է:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ եթե իրենց չբավարարող պատասխան տրվի, իրենք Էրեբունու ավտոշուկան փակելու են. «Սեփականատերերի հետ ենք խոսել և հազարավոր ավտոներ դուրս կգան և կփակեն ճանապարհները: Ես ափսոսանք եմ հայտնում, որ վարչապետի խորհրդականները շատ անփորձ, անխիղճ մարդիկ են»:

Ըստ նրա՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու արդյունքում վթարներն են ավելանալու և դրա համար բոլորը մեղադրելու են վարչապետին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *