Հասարակություն

Facebook ընկերությունը պատրաստվում է 2020-ին 1000 նոր աշխատող վարձել Լոնդոնում(տեսանյութ).ԱՁ

Ամերիկայի Ձայնը տեղեկացնում է, որ Facebook -ը պատրաստվում է 1000 նոր աշխատող վարձել Լոնդոնում այս տարի: Ընկերությունը շարունակում է իր տեխնիկական կենտրոնները տեղափոխել ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիա, որը լքում է ԵՄ-ը:
Facebook ընկերության փոխնախագահ Նիկոլա Մենդելսոնի խոսքերով՝ այս տարի ընկերությունը նոր աշխատատեղեր կբացի Լոնդոնում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում:
Բացի այդ, ընկերությունը նոր աշխատակիցներ կվարձի տեխնիկական անվտանգության զարգացման համար, որոնք Facebook, Messenger, Instagram և WhatsApp հարթակներից կհանեն վնասակար բովանդակությամբ գրառումները:
Նրա խոսքերով ընկերությունը զարգացնում է իր տեխնոլոգիական ենթակառուցվածքները ԱՄՆ-ից դուրս, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում՝ չնայած հանգամանքին, որ այստեղ կարևոր հարցերից է Բրեքզիթի ապագան:
«Ջոնսոնի կառավարությունը հստակ մոտեցումներ ունի այս հարցում, ուստի մենք կշարունակենք ներդրումներ անել Լոնդոնում»,- նշում է փոխնախագահ Մենդելսոհնին:
Մեծ Բրիտանիայի վարչապետն իր հերթին ողջունել է Facebook-ի ընդլայնումը Մեծ Բրիտանիայում՝ այն որակելով «փայլուն լուր»:
Այսօր ընկերության նպատակներից է Facebook-ի նկատմամբ վստահությունը վերականգնելը, որը խարխլվել էր 2018 թվականին Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո, երբ բրիտանական այս ընկերությունը տեղեկություն էր գնել Facebook-ից՝ կապված ընտրողների նախասիրությունների հետ: Մենդելսոնի կարծիքով վստահության վերականգման համար անհրաժեշտ է ժամանակ:
«Մենք գիտակցում ենք, որ սա կարևոր ընթացող երկխոսություն է և  ցանկանում ենք դրա մասը լինել: Ցանկանում ենք աշխատել քաղաքական գործիչների հետ այս ոլորտում ճիշտ քաղաքականություն մշակելու համար»,- ասել է ընկերության փոխնախագահը:
Facebook-ն այժմ ուսումնասիրություններ է իրականացնում, թե ինչպես են իր հարթակներն անդրադառնում եվրոպական բիզնես միջավայրի վրա:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *